Խաղաղապահների ներկայությունը Արցախում իրատեսական չէ, չեմ կարծում՝ ռազմական գործողությունները որևէ ձևով նպաստել են, որ խաղաղապահների ներկայություն լինի. Միքայել Զոլյան (տեսանյութ)

12:23 • 07.10.20

Այո, ակտիվ ջանքեր են գործադրվում դիվանագիտական ոլորտում միջազգային հանրության կողմից, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից, մենք տեսնում ենք, որ այդ երկրների միջև կա կոնսենսուս մի քանի հարցի շուրջ. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նշելով, թե որ հարցերի շուրջ կա կոնսենսուս համանախագահող երկրների մոտ, Զոլյանն ասաց, որ առաջինն այն է, որ այս ամենը սկսել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, երկրորդը, որ Թուրքիան ուղիղ կերպով մասնակցում է հակամարտությանը, և դա պետք է կանգնեցվի, և Թուրքիան պետք է դուրս գալ այս գործընթացներից, երրորդը՝ կան ահաբեկիչներ, որոնք բերվել են Սիրիայից, ինչի մասին երեկ ՌԴ կողմից հստակ հայտարարություն եղավ՝ նշելով կոնկրետ այն ահաբեկչական կազմակերպությունները, որտեղից այդ մարդիկ եկել են:

«Ասեմ՝ այդ կոնսենսուսին այս կամ այն ձևով միացել է նաև Իրանը, որը թեև Մինսկի խմբի համանախագահ երկիր չէ, բայց լուրջ դերակատարություն ունի տարածաշրջանում»,- ասաց պատգամավորը:

Թե ինչ գործողություններ կհետևեն այս երկրների կողմից, Զոլյանն ասաց, որ պետք է դա այդ երկրներն ասեն. «Ըստ էության, բոլոր լուրջ գործող սուբյեկտների շահերը համընկնում են մեր և ամբողջ տարածաշրջանի շահերի հետ, որովհետև ո՛չ Թուրքիայի անմիջական մասնակցությունը, ո՛չ ահաբեկիչների ներկայությունն այս տարածաշրջանում չեն համապատասխանում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Իրանի, ո՛չ Ֆրանսիայի,  ո՛չ ԱՄՆ-ի կամ Եվրամիության շահերին»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով Արցախում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը՝ Զոլյանն ասաց. «Խաղաղապահների մասին խոսվում է շատ վաղուց, դեռևս հակամարտության ամենասկզբից, եթե իրատեսական լիներ խաղաղապահների մասնակցությունը, արդեն վաղուց դա տեղի կունենար, եթե մինչև այժմ տեղի չի ունեցել, նշանակում է՝ վիճակն այնպիսին է, որ խաղաղապահների ներկայությունը իրատեսական չէ, և ես չեմ կրծում, որ այդ ռազմական գործողությունները որևէ ձևով նպաստել են նրան, որ խաղաղապահների ներկայություն լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: