Ստրասբուրգում հանրահավաք է անցկացվել՝ հաջակցություն Արցախի (լուսանկարներ, տեսանյութ)
Ստրասբուրգում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին: Ինչպես տեղեկացնում է Tert.am–ի թղթակիցը, ակցիայի մասնակիցները փողոց են դուրս եկել հայոց եռագույններով և Արցախին ու Հայաստանին աջակցող գրառումներով պաստառներով:
«Արցախը Հայաստան է», «Ուժեղ Արցախ», ինչպես նաև Էրդողան-Ալիև համատեղ հարձակողական ուժին դատապարտող գրառումներով ֆրանսահայերը և նրանց աջակիցները երթ են անցկացրել քաղաքի փողոցներում:
Նշենք, որ նախօրեին հարյուրավոր մարդիկ, մեծամասամբ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, բողոքի ակցիա էին կազմակերպել նաև մայրաքաղաք Փարիզում՝ Թուրքիայի դեսպանատան դիմաց:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։













