ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերի հարվածի արդյունքում տուժած լրագրողին

18:38 • 10.10.20

ՀՀ ՄԻՊ-ն այսօր այցելել է Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերի հարվածի արդյունքում տուժած լրագրողին: Այցի մասին ՄԻՊ-ը գրել է.

«Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին ադրբեջանական զինված ուժերը հասցրին երկու թիրախային հարված հոկտեմբերի 8-ին՝ պատճառելով մեծ ավերվածություն և վիրավորումներ այդ պահին տաճարում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին: Հրթիռային հարվածների հոտևանքով վիրավորումներ էր ստացել 3 ռուս լրագրող:

«Էրեբունի» բժշկական կենտրոն այսօրվա իմ այցի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում գտնվող լրագրողը, որ ծանր վիրավորում էր ստացել, խնդրեց բոլորին փոխանցեմ, որ իր աչքերով է տեսել՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին ու որ տաճարում եղել են բացառապես երեխաներ, կանայք ու տարեցներ:

Իրենք լրագրողներով առաջին հարվածից անմիջապես հետո փորձել են օգնել ու եկեղեցուց դուրս բերել խաղաղ բնակիչներին, որոնց մի մասը վիրավորումներ էին ստացել, սակայն այդ պահին երկրորդ հրթիռն է հարվածել, որի պատճառով արդեն լրագրողներն են ստացել վիրավորումներ, իսկ վայրագ հարվածներով եկեցուն պատճառվել են ավերածություններ:

Լրագրողը պատմեց նաև, որ ինքն է հավաստիացել, որ Շուշի քաղաքի ճանապարհին չի եղել որևէ ռազմական օբյեկտ, բացառապես քաղաքացիական բնակավայրեր են»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։