ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը. hայտարարություն

20:00 • 10.10.20

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ մարդասիրական այս կառույցը պատրաստ է աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձնմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։

«Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ողջունում է սրացող Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և մշտապես պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։

«ԿԽՄԿ-ն ամբողջ աշխարհի հակամարտություններում որպես չեզոք միջնորդ հանդես գալու երկար պատմություն ունի, և լիահույս ենք, որ այս գործողությունն արագ կիրականացվի, որպեսզի մարտական գործողություններում զոհվածների աճյունները վերադարձվեն իրենց հարազատներին՝ արժանապատվորեն սգալու համար»,- նշել է ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը, - «Մենք նաև պատրաստ ենք աջակցելու հակամարտության կողմերի հսկողության ներքո ներկայումս գտնվող ազատազրկվածների ազատմանը, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ»։

Սեպտեմբերի վերջին հակամարտության սրացմանը զուգընթաց՝ ԿԽՄԿ-ն մարդասիրական կարիքներին արձագանքելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու իր ծառայություններն է առաջարկել կողմերին։ ԿԽՄԿ-ն չի ներգրավվում քաղաքական բանակցությունների մեջ։

Զինված ընդհարումը կարգավորող միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ընդհարման մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն դուրս բերելու և տարհանելու մահացածներին՝ առանց որևէ կողմում կռված լինելու հիմքով խտրականության։ ԿԽՄԿ-ն պատրաստ է տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու կողմերին, որպեսզի մահացածները նույնականացվեն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, և ապա աջակցելու աճյունների վերադարձին։

«Մենք կանոնավոր քննարկումներ ենք ունենում կողմերի հետ և մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ քննարկելու ազատազրկվածների և աճյունների վերադարձին աջակցելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի ներգրավման բնույթը, այդ թվում՝ աշխատանքների կազմակերպման և մեր թիմերի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերը»,- հավելել է Շյուպը, - «Մենք ևս հույս ունենք, որ շաբաթներ տևած լարված մարտերից հետո այս համաձայնությունը կվերածվի ընտանիքների համար նշանակալից մխիթարության»։

Ավելի վաղ՝ 2016 թ․-ին շփման գծի երկայնքով ծավալված ու բազմաթիվ մարդկային կյանքեր խլած հակամարտության սրացման ժամանակ, ԿԽՄԿ-ն աջակցել է կողմերին նմանատիպ գործողություններ իրականացնելու հարցում։ Շնորհիվ համակարգված ջանքերի՝ այդ ժամանակ հնարավոր եղավ արտահանձնել բոլոր մահացածներին իրենց ընտանիքներին և խուսափել 1992 թ․-ի հակամարտության հետևանքով 4500-ից ավել անհայտ կորած անձանց ցուցակը նոր անուններով համալրելուց։ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր գործունեության սկզբից՝  1992 թ․-ից ի վեր, կազմակերպությունը բազմիցս աջակցել է իշխանություններին նման գործողություններում»։
 
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։