ԼՂ խնդրի կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը կնպաստի անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում. Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է հրադադարի համաձայնագիրը
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը և հույս հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթաց կգրանցվի: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին ասվում երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին համաձայնագիրը և հույս է հայտնում, որ հետագա բանակցությունները կբերեն առաջընթացի հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման գործում, ինչը կնպաստի բարօրությանն ու անվտանգության ամրապնդմանը ողջ տարածաշրջանում»,- ասվում է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։










