Եվրոպական վերահսկիչ մարմինը հավանություն է տվել Pfizer-BioNTech ընկերությունների համատեղ պատվաստանյութը ԵՄ տարածքում կիրառելու համար
Դեղամիջոցների հարցով եվրոպական գործակալությունը (EMA) հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած պատվաստանյութի կիրառումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է եվրոպական վերահսկիչ մարմնի գործադիր տնօրեն Էմեր Կուկը:
Նրա խոսքով՝ եվրոպական գործակալության հանձնաժողովը հանդիպում է անցկացրել և առաջարկել ժամանակավոր գրանցումային վկայական շնորհել Pfizer և BioNTech ընկերությունների ստեղծած պատվաստանյութին:
Պաշտոնյան հավելել է, որ սա առաջին պատվաստանյութն է, որը հավանության է արժանանում EMA-ի կողմից: Թույլտվությունը գործում է պատվաստանյութը ԵՄ 27 երկրներում կիրառելու համար:
Անդրադառնալով կորոնավիրուսի նոր տեսակին, որը բրիտանական իշխանությունների տվյալներով ավելի արագ է տարածվում, մասնագետը նշել է, որ իրենք հիմք չունեն ենթադրելու, թե պատվաստանյութը չի ներազդի վիրուսի նոր տեսակի պարագայում:










