Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

14:13 • 05.10.26

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում 2026 թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել գիտնականներ Կարլ Դեյսերոտը, Պետեր Հեգեմանը և Գեորգ Նագելը՝ լույսով կառավարվող իոնային անցուղիներին և օպտոգենետիկային վերաբերող հայտնագործությունների համար։ Դափնեկիրների անունները հայտարարվել են Ստոկհոլմում։

«Պետեր Հեգեմանը և Գեորգ Նագելը միաբջիջ ջրիմուռում հայտնաբերել են զարմանահրաշ սպիտակուց՝ անցուղային ռոդոպսին։ Կարլ Դայսերոտն այս սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների համար լույսով կառավարվող անջատիչի: Դափնեկիրները հիմք են դրել նյարդագիտության նոր դարաշրջանի», - ասվում է Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի հաղորդագրության մեջ։ Օպտոգենետիկան մեթոդ է, որը թույլ է տալիս ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները ձևավորում հիշողություններ, զգացմունքներ և վարքագիծ կենդանի ուղեղում, հավելել են ինստիտուտում։

Պետեր Հեգեմանն աշխատում է Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանում, Գեորգ Նագելը՝ Վյուրցբուրգի համալսարանում: Կարլ Դեյսերոտը գիտական ​​գործունեություն է ծավալում Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում և Սթենֆորդի համալսարանում:

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի դափնեկիրների անունների հայտարարումը բացեց այսպես կոչված նոբելյան շաբաթը: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, հայտնի կդառնան ֆիզիկայի բնագավառում նոբելյան դափնեկիրների անունները, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 8-ին՝ գրականության: Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվեն Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Շվեդիայի բանկի կողմից 1968 թվականին հիմնադրված Ալֆրեդ Նոբելի հիշատակի տնտեսագիտության մրցանակի դափնեկրի անունները: