Ի՞նչն ենք մենք պատժում՝ արարքը, թե հետևանքը․ Պիկեն՝ Օվոնոյի որակազրկման մասին
«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան, իսպանական «Անդորա» ակումբի սեփականատեր Ժերար Պիկեն հրապարակային կերպով պաշտպանել է իր թիմի դարպասապահ Խեսուս Օվոնոյին։ Հիշեցնենք, որ 25-ամյա դարպասապահը 12 խաղով որակազրկվել է «Տեներիֆեի» 30-ամյա հարձակվող Խեսուս դե Միգելի հետ ունեցած ողբերգական բախումից հետո, որի հետևանքով վերջինս մահացել էր հիվանդանոցում։ Պիկեն համոզված է, որ կայացված կարգապահական որոշումն անարդարացիորեն ողբերգության ողջ ծանրությունը բարդում է դարպասապահի ուսերին։
Ողբերգական միջադեպը գրանցվել էր նոյեմբերի 2-ին՝ Լա Լիգա 2-ի «Տեներիֆե» – «Անդորա» հանդիպման 96-րդ րոպեին։ Գնդակի համար պայքարում Օվոնոն և Դե Միգելը ծանր բախում էին ունեցել։ Հարձակվողին շտապ օգնություն էին ցուցաբերել հենց խաղադաշտում, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց, որտեղ նոյեմբերի 3-ին բժիշկներն արձանագրել էին նրա մահը։ Օվոնոն դրվագի համար ուղիղ կարմիր քարտ էր ստացել, իսկ խաղը դադարեցվել էր։
Նոյեմբերի 13-ին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կիրառեց տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն պատիժը՝ 12 խաղով որակազրկելով դարպասապահին։
Նոյեմբերի 16-ի երեկոյան հրապարակված տեսաուղերձում Պիկեն մանրամասն վերլուծել է իրավիճակը՝ քննադատելով ֆեդերացիայի մոտեցումը։
«Ուրբաթ օրը մենք ստացանք Խեսուս Օվոնոյին 12 խաղով որակազրկելու որոշումը։ Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Խեսուսին, հավանաբար, 12 խաղից շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի՝ հոգեբանորեն պատրաստ լինելու և խաղադաշտ վերադառնալու համար։ Եվ ոչ մի պատիժ չի կարող մեզ վերադարձնել Դեմիին»,- ասել է Պիկեն։
«Անդորայի» նախագահը կարևոր հարցադրում է արել՝ արդյոք ֆուտբոլային արդարադատությունը պետք է գնահատի բուն խաղային գործողությունը, թե՞ դրա հետևանքը.
«Իմ հիմնական հարցն այն է՝ ի՞նչն ենք մենք պատժում՝ արարքը, թե՞ դրա հետևանքները։ Իմ խորին համոզմամբ՝ պատիժը պետք է սահմանվի արարքի, այլ ոչ թե հետևանքների համար»։
Որպես օրինակ՝ Պիկեն հիշատակել է «Ալբասետեի» ֆուտբոլիստ Խոսե Կորպասի հետ կապված վերջին դրվագը, երբ վերջինս նմանատիպ խաղային իրավիճակում հարվածել էր մրցակցի գլխին, սակայն պատժվել էր ընդամենը 3-խաղյա որակազրկմամբ, քանի որ հետևանքները, բարեբախտաբար, ողբերգական չէին եղել։
Իր տեսակետը հիմնավորելու համար Պիկեն վերհիշել է սեփական կարիերայի ամենածանր դրվագներից մեկը՝ 2012 թվականի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բարսելոնա» – «Չելսի» հանդիպումը։ Այն ժամանակ պաշտպանը սարսափելի բախում էր ունեցել սեփական թիմի դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, կորցրել գիտակցությունն ու տեղափոխվել հիվանդանոց։
Պիկեի խոսքով՝ երկու դրվագներն էլ խաղային առումով նույնական էին. ֆուտբոլիստները մեծ արագությամբ շարժվել էին դեպի գնդակը՝ առանց միմյանց վնասելու դիտավորության։
«Այն ժամանակ ինձ հարվածեց իմ իսկ դարպասապահը, բայց դա չէր նշանակում, թե Վիկտոր Վալդեսն էր մեղավոր։ Եթե անգամ ինձ հետ ավելի վատ բան պատահեր, նա միևնույն է մեղավոր չէր լինի»,- նշել է Պիկեն՝ հավելելով, որ մարդիկ հաճախ փորձում են մեղավորներ փնտրել՝ ողբերգությունը հասկանալու համար, մինչդեռ սա դասական դժբախտ պատահար է։ Նրա կարծիքով՝ առավելագույն պատժաչափի կիրառումը հանրության աչքում Օվոնոյին անարդարացիորեն դարձնում է ողբերգության մեղավոր։
Միջադեպից հետո Խեսուս Օվոնոն գտնվում է ծանրագույն հոգեբանական վիճակում։ Ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ դարպասապահը խոստովանել էր, որ ապրում է իր կյանքի ամենասև օրերը.
«Ես անսահման ցավ եմ զգում Խեսուսի կորստի համար։ Մտքերով նրա, նրա ընտանիքի և բոլոր նրանց հետ եմ, ովքեր սիրում էին նրան»։
«Անդորայի» գլխավոր մարզիչ Կառլես Մանսոն արդեն հայտարարել է, որ ակումբը ճնշում չի գործադրի դարպասապահի վրա. Օվոնոն ինքը պետք է որոշի՝ երբ և արդյոք առհասարակ կվերադառնա մեծ ֆուտբոլ։
Հավելենք, որ մարզական պատժից զատ, Իսպանիայում դեպքի առթիվ նաև իրավական քննություն է ընթանում՝ ողբերգության բոլոր հանգամանքները պարզելու համար։














