Նիկոլ Փաշինյանը կանգնած է «ընտրության» առաջ՝ կամ զիջում ես, կամ անհնար կլինի պահել իշխանությունը․ Հակոբ Բադալյան

23:39 • 17.11.26

Երբ որեւէ մեկն ասում է, թե՝ «Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, որ զիջումներով կհասնի խաղաղության», կարծում եմ, որ ինքն է սխալվում։ Սխալվում է ոչ թե զիջումներով խաղաղության հասնելու անհնարինության հարցում, այլ այն հարցում, թե Նիկոլ Փաշինյանը «սխալվում է, կարծելով, թե զիջումներով հնարավոր է»։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Նիկոլ Փաշինյանը չի «սխալվում», հարգարժան ընկերներ։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ լավ գիտե, որ զիջումները խաղաղության տանող ճանապարհ չեն։ Բայց նա կանգնած է «ընտրության» առաջ՝ կամ զիջում ես, կամ անհնար կլինի պահել իշխանությունը։

Նիկոլ Փաշինյանը ընտրազանգվածին՝ ակտիվ եւ «հարաբերականորեն չեզոք», կարող է առաջարկել միայն «խաղաղությունը», թեկուզ պատրանքը ներկայացնելով իրականություն։ Եթե նա չզիջի, ոչ թե կլինի աներկբա պատերազմ, այլ պարզապես խաղաղություն չի լինի թեկուզ պատրանքի ձեւով։ Ու կստացվի, որ Փաշինյանը կմնա իր թողած ավերակների դիմաց մեն–մենակ։

Սրանից է, որ նա խուսափում է, այլ ոչ թե միամտաբար կարծում, թե զիջումները տանում են խաղաղության։ Նա ամենից լավ գիտե իրերի դրությունն ու ըստ այդմ այն, որ Ադրբեջանը բոլորովին չունի խաղաղության մտադրություն»,-գրել է նա։