«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից իմ դուրս գալու լուրերն անհեթեթություն են. դա ֆանտաստիկայի ժանրից է. Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից իմ դուրս գալու լուրերն անհեթեթություն են: Ուզում եմ, որ մարդիկ հանգիստ մնան, եթե փափագում են իմ հեռանալը, թող սառը ջուր խմեն, իմ հեռանալը երբեք իրականություն չի դառնալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով շրջանառվող այն խոսակցությունների մասին, թե վերջինս և ևս մի քանի ԲՀԿ պատգամավորներ լքելու են խմբակցությունը:
Միքայել Մելքումյանը հարկ համարեց հանրությանը տեղեկացնել, որ վերջին օրերին շրջանառվող լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ:
«Վերջին շրջանում եղել է առիթ, որ ես հերքեմ այդ տեղեկությունները, բայց հիմա ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք փափագում են իմ հեռանալը, ուշադրությունները սևեռեն այն փաստին, որ իմ հեռանալը ֆանտաստիկայի ժանրից է: Ես 2006 թվականին եղել եմ ԲՀԿ-ի 10 հիմնադիրներից մեկը և շուրջ 15 տարի ես շարունակել եմ իմ գործունեությունը, եղել են ժամանակներ, որ պատգամավոր չեմ եղել: 2012 թվականից պատգամավոր եմ և իմ գործունեությունը հանրության աչքի առաջ է եղել»,– ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ վերջինս ԲՀԿ-ում ոչ միայն քաղաքականություն իրականացնող է, այլ նաև քաղաքականություն մշակող է: «Այսինքն, ես՝ ինքս ինձնից չեմ կարող հեռանալ: Իսկ մնացյալ ավելորդ խոսակցությունների շուրջ չեմ ցանկանում մանրակրկիտ գիտական հիմնավորումներ և հերքումներ ներկայացնել»:
«Եվ այն դիտարկումները, որոնք պարոն Ծառուկյանը կատարել էր տնտեսական կոլապսի, վարկերի, գյուղատնտեսության, պետական պարտքի, բնակչության սոցիալական վիճակի մասով, որ այս իրավիճակով արդեն գահավիժում ենք և մեր կողմից մատնանշված ծրագրերը, մեր թիրախային դիտարկումները, հավանաբար, ինչ-որ մարդկանց հունից հանում է: Մեզ նման կամ այլ կերպ մեր նպատակներից ու ծրագրերից հետ պահել չի լինելու, մենք գնալու ենք մեր ծրագրերը կյանքի կոչելու, որովհետև մենք չենք կարող հանդուրժել, որ մի կողմից երկիր ենք կորցնում, իսկ մյուս կողմից՝ մեր բնակչության մեջ են լարվածություն մտցնում. սա չի ստացվելու»,-ամփոփեց նա:










