Մեծ Բրիտանիայում դատարանը գործատուին պարտավորեցրել է 114,000 եվրո փոխհատուցում վճարել հղի աշխատակցուհուն աշխատանքից ազատելու համար
Մեծ Բրիտանիայում նախկին աշխատակցուհին գործատուից դատարանի միջոցով ստացել է ավելի քան 100,000 եվրո այն բանից հետո, երբ նրան աշխատանքից ազատել են հղի լինելու ժամանակ։ Այս մասին գրում է Bild-ը:
Բրիտանական ներդրումային ընկերության ղեկավարը, որի անունը չի հրապարակվում, հայտնվել է սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ աշխատանքից ազատել է հղի աշխատակցուհուն՝ Պաուլա Միլուսկային՝ մեսենջերի միջոցով նրան հաղորդագրություն գրելով։
Նա աշխատանքից հեռացման լուրին տարօրինակ արտահայտություն է ավելացրել. «Հուսով եմ՝ շուտով կտեսնվենք։ Աշխատանքից դուրս դեռ շատ անելիքներ ունենք»: Նա կցել է ուրախություն արտահայտող էմոջի ։
Միլուսկան ընկերությունում աշխատել է ութ ամիս, որից հետո իմացել է իր հղիության մասին։ Ծանր տոքսիկոզի պատճառով նա թույլտվություն է խնդրել ժամանակավորապես աշխատել տնից, և նրա ղեկավարը սկզբում համաձայնել է: Սակայն մի քանի շաբաթ անց նա մտափոխվել է՝ ասելով, որ գրասենյակից նրա բացակայությունը խանգարում է աշխատանքի արդյունավետ ընթացքին, և ազատել է Միլուսկային աշխատանքից։
«Դուք գիտեիք, որ ես տառապում եմ ծանր տոքսիկոզից, բայց միևնույն է իմ գործն անում էի։ Իսկ հիմա դուք ինձ աշխատանքից հեռացնո՞ւմ եք», - վրդովվել է կինը։
Բրիտանական դատարանն անօրինական է ճանաչել աշխատանքից ազատումը և գործատուի գործողությունները համարել է խտրականություն հղի կանանց նկատմամբ։ Ընկերությանը պարտավորեցրել են Միլուսկային շուրջ 114,000 եվրո փոխհատուցում վճարել։










