Անորոշությունն ու փոփոխությունները երբեք հեշտ չեն լինում, բայց մենք միասին անցանք այս ճանապարհը՝ պահելով զարգացման տեմպերը, շարունակելով ընթացիկ ծրագրերը և բացելով նոր հնարավորություններ. Չկալովկայի ղեկավար

17:39 • 03.03.25

Այսօր լրացավ ուղիղ 3 տարին, ինչ Չկալովկան պաշտոնապես դարձավ Սևան խոշորացված համայնքի մի մաս, իսկ ես ստանձնեցի վարչական ղեկավարի պարտականությունները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահրամ Կարապետյանը:

«Եթե 2016 թվականին համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցեցի որպես իմ գյուղի համար մտահոգ բնակիչ, ապա 2022 թվականին խոշորացումից հետո արդեն որպես փորձառու համայնքի ղեկավար կանգնեցի նոր մարտահրավերների առջև։

Պետք է փաստեմ, որ եթե 2016 թվականին համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելիս մեզ սպասում էին բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրներ, ապա խոշորացումից հետո մենք հայտնվեցինք նոր պայմաններում, որտեղ պետք էր ընդամենը արագ ադապտացվել նոր կառավարման համակարգին, որպեսզի ոչ մի դեպքում արդեն մեկնարկած և պլանավորած և ոչ մի աշխատանք չմնա թղթի վրա։

2016-2022-2025 թվականներին Չկալովկայում

Վերանորոգվեց և վերաբացվեց մանկապարտեզը - 2017 թ (չէր գործում 1993 թվականից)

Կապիտալ վերանորոգվեց համայնքապետարանի շենքը և դարձավ ներկայանալի - 2017 թ

Վերանորոգման աշխատանքներ իրականացվեցին դպրոցում. ներսում կառուցվեց սանհանգույց, դպրոցում ներդրվեց լոկալ ջեռուցման համակարգ, փոխարինվեցին դասարանների և ներսի բոլոր դռները, վերանորոգվեցին միջանցքները, աստիճաններն ու աստիճանավանդակները, որի արդյունքում այսօր ունենք բարեկարգ և ներկայանալի դպրոց - 2019-2020 թթ

Հիմնանորոգվեցին բացառապես բոլոր փողոցներն ու ճանապարհները( գյուղի բնակելի հատվածի բոլոր փողոցներն ու ճանապարհները 100% - ով ասֆալտապատ են) - 2020 թ. շուրջ 70%, 2022-2024թթ` մնացած 30%-ը

Կառուցվեց գլխավոր հրապարակը, որը իր մեջ ներառում է գեղեցիկ շատրվան-2018-2019 թթ

Արդիականացվեց և ընդլայնվեց լուսավորության համակարգը` ապահովելով 100% ծածկույթ ( լուսավորության համակարգը աշխատում է ամբողջ գիշերվա ընթացքում, անջատվում է միայն լուսաբացին, որի արդյունքում գողությունների 0 դեպք ) - 2017թ` 90%, մնացած 10%-ը` 2022 թ

Տեղադրվեցին տեսանկարահանման սարքեր( 24/7 ռեժիմով տեսահսկվում են գյուղի մուտքերը և գլխավոր բոլոր ճանապարհները) -2017 թ

Վերանորոգվեց և ջեռուցվեց արարողությունների սրահը, ինչպես նաև համալրվեց անհրաժեշտ գույքով

(հին աթոռները շուտով կփոխարինվեն նորով) - 2020-2021 թթ

Պարսպապատվեց համայնքի մեծ գերեզմանոցը, երկու մուտքերին տեղադրվեցին դարպասներ (մյուս գերեզմանոցի պարսպապատման աշխատանքները առաջիկայում կմեկնարկեն) - 2018-2021թթ 70%-ը, մնացած 30%-ը` 2022-2023 թթ

և այսպես շարունակ բազմաթիվ աշխատանքներ..

Համայնքների խոշորացումն առաջ բերեց բազմաթիվ հարցեր և մտահոգություններ։ Անորոշությունն ու փոփոխություններն երբեք հեշտ չեն լինում, բայց մենք միասին անցանք այս ճանապարհը՝ պահելով զարգացման տեմպերը, շարունակելով ընթացիկ ծրագրերը և բացելով նոր հնարավորություններ։

Այս օրը կարևոր առիթ է ոչ միայն հետադարձ հայացք գցելու անցած ճանապարհին, այլև գնահատելու ներկայիս իրավիճակն ու մտածելու ապագայի մասին։

Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան այսօր,

Ինչպե՞ս կարող ենք էլ ավելի բարելավել համայնքի կենսամակարդակը,

Որո՞նք պետք է լինեն հաջորդ քայլերը։

Այս հարցերի պատասխանները պետք է գտնենք միասին։ Անցած տարիները ցույց տվեցին, որ համախմբված, հետևողական ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել իրական փոփոխությունների»,- գրել է նա: