Սիրիայի իշխանությունները փորձում են Լաթաքիայի գործողություններով պահել երկրի տարածքային ամբողջականությունը. Ռուբեն Սաֆրաստյան
Սիրիայում կատարվածը, իմ պատկերացումով, մի քանի փուլով է տեղի ունեցել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Լաթաքիայում և Տարտուսում ալավիական փոքրամասնության ներկայացուցիչների սպանդին:
«Սկզբում Լաթաքիայում տեղի ունեցան ալավիների ընդվզումներ, որի մասին շատ քիչ ինֆորմացիա կա: Ի պատասխան այդ ընդվզումների, իշխանությունները Լաթաքիա ուղարկեցին, այսպես կոչված սիրիական բանակի ստորաբաժանումներ: Իրականում, սիրիական բանակ ասվածը կանոնավոր բանակ չէ, այլ բաղկացած է տարբեր ջիհադիստական խմբավորումներից: Այդ «սիրիական բանակը» ուղարկել է հենց երկրի իշխանությունը, որ այնտեղի դրությունը հանգստացնի: Մինչդեռ դրանք իրականում եղել են չորս ջիհադիստական խմբավորում, որոնք մտել են Լաթաքիա և մոտակա գյուղերը և սկսել են կոտորած»,- պարզաբանեց նա:
Սաֆրաստյանն ընդգծեց՝ եղել է ոչ համաչափ պատասխան և խաղաղ բնակչության կոտորած՝ ընդ որում ոչ միայն ալավիների, այլ նաև քրիստոնյաների, որոնք ոչ մի կապ չեն ունեցել դրա հետ: «Ամբողջ խնդիրը դրանում է: Այսինքն, ի՞նչ է նշանակում ջիհադիստական՝ նրանք տասնյակ տարիներ շարունակ ամենածայրահեղ ահաբեկչական խմբավորումներն են եղել, որոնք հիմա իբր թե մտել են սիրիական բանակի կազմ, բայց իրականում առանձնապես չեն էլ ենթարկվում, և սկսել են այդ կոտորածն անել։
Ընդ որում, այդ չորս խմբավորումներից մեկը նաև այն խմբավորումն է, որը կազմված է թյուրքալեզուներից: Իմ տպավորությունն այն է, որ իշխանությունները դա միտումնավոր են արել: Այսինքն, նրանք հնարավորություն են տվել, որ այդ ջիհադիստները մտնեն և շատ լավ իմացել են, որ նրանք կոտորած են անելու, այդ կոտորածն արվել է, որ վախի մթնոլորտ ստեղծվի»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ ի՞նչ են շահելու դրանից իշխանությունները, Սաֆրաստյանն ասաց. «Շահում են այն, որ այդ վախի մթնոլորտի միջոցով կարողանան պահել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սիրիան միատարր պետություն չէ, այնտեղ տարբեր էթնիկական, և դավանական բազմամիլիոնանոց խմբեր կան: Այ այդ վախի մթնոլորտով ցանկանում են պահել իշխանությունն ամբողջ Սիրիայի տարածքի վրա, տարածքային ամբողջականությունը պահպանել։ Դա է եղել նպատակը»։
Սաֆրաստյանը նշեց, որ երկու օր առաջ Սիրիայի նախագահը՝ Ահմեդ ալ Շարաան, որը նույնպես ջահադիստ է եղել, հայտարարեց, թե իրեն գլխագին է նշանակվել։ «Հայտարարություն արեց, որ Ասադի կողմնակիցներն ապստամբություն են սկսել Սիրիայի դեմ, և որ դա ճնշվում է բանակի կողմից, եղել են ինչ-որ դեպքեր, այդ դեպքերը հետաքննելու համար ստեղծեց հատուկ կոմիտե, որ իբր թե դա պետք է հետազոտի և ուսումնասիրի»,- տեղեկացրեց նա։
Ինչ վերաբերում է հայերին, նաև սպանված երկու հային, Սաֆրաստյանն ասաց, որ պատահական է եղել նրանց սպանությունը, ոչ թե որպես հայ են թիրախավորել: «Մտել են տներ, մտել են եկեղեցիներ, պղծել են գերեզմանները, խաչերը, բայց կոնկրետ հայերի դեմ չի եղել, այլ՝ ընդհանուր քրիստոնյաների: Տեսնենք՝ ինչ կլինի, այստեղ իմ մտավախությունը, մտահոգությունն այն է, որ այդ ջիհադիստական խմբավորումները իրենք էլ չեն ենթարկվի Դամասկոսին: Սիրիան հիմա իրական պետություն չէ, նոր է ստեղծվում ամեն ինչ, այն էլ ջիհադիստների հիմքի վրա:
Այդ ջիհադիստական խմբավորումները, որոնք զենք ունեն, ձևականորեն մտել են իբր թե Սիրիայի բանակի կազմի մեջ, բայց իրականում ինքնուրույն են: Իրականում այդ խմբավորումները, տարիներ շարունակ միասին կռվել են տարբեր ջիհադիստական խմբավորումների կազմում: Սա առաջին լուրջ մարտահրավերն էր, որին նոր իշխանություններն առնչվեցին, տեսնենք՝ ինչպես կկարողանան այս իրադրությունը հսկողության տակ վերցնել»,- շեշտեց նա։
Սաֆրաստյանի խոսքով՝ բռնաճնշումներն իշխանափոխությունից հետո կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ շարունակվեցին։ «Բռնաճնշումներ են եղել, առանձին սպանություններ, ենթադրում եմ, որ ալավիները ուղղակի ընդվզել են ամիսներ շարունակ տեղի ունեցող ճնշումներին ի պատասխան: Ինչո՞ւ են ալավիներին հատուկ ճնշում, որովհետև Ասադի ընտանիքն ալավի է»,- նկատեց նա:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ գուցե պատասխանն է այն բանի, որ Ասադն էլ նրանց կողմնակիցների նկատմամբ է նման կերպ վարվել և հիմա պարզապես վրեժ են լուծում, ապա Սաֆրաստյանը ասաց, որ դա էլ չի բացառում: «Այո, Ասադի իշխանությունն էլ է կիրառել տարբեր տեսակի ճնշումներ, բայց նա գոնե ջիհադիստ չի եղել, իսկ սրանք ջիհադիստ են»,- նշեց նա:
Հարցին էլ՝ ի՞նչ պետք է անի ՀՀ ԱԳՆ-ն այնտեղի հայերին պաշտպանելու համար, արդյո՞ք պատշաճ գործողություններ տարվում են, նա ասաց. «Տեսե՛ք, Լաթաքիայի և շրջակայքի կամ առհասարակ Սիրիայի հայերը Հայաստան վերադառնալու հարց չեն դրել: Դեռ իրենք հույս ունեն, որ հնարավոր կլինի իրենց տները նստել, դռները փակել, դուրս չգալ ու այդպես այս փուլը անցնի: Հայաստանը պետք է բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացնի, պատրաստ լինի, որ իրադրության կտրուկ փոփոխության դեպքում, կամ սրման դեպքում պատրաստ լինի միանգամից մեր հայրենակիցներին այնտեղից դուրս բերել»:










