Եթե կշեռքի մի նժարին դնում ենք բնակարանի սերտիֆիկատը, մյուսին՝ բնակվարձը, բալանս չի լինում. մարդիկ չեն օգտվելու բնակապահովման ծրագրից. Լիաննա Պետրոսյանը՝ արցախցիների սոցիալական աջակցության ծրագրի կրճատման մասին
Կառավարությունն ապրիլից կկրճատի բռնի տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի սոցիալական աջակցության ծրագիրը։
«Ապրիլից 50 հազար դրամի փոխարեն ընտանիքում յուրաքանչյուր անձ կստանա 40 հազար դրամ, ու եթե այդ ընտանիքը ճանաչվի հրատապ կարիքի ընտանիք, այդ ժամանակ 40 +10 հազարներն էլ է ստանալու: Իսկ եթե ընտանիքում ընդհանրապես չկա խոցելի խումբ՝ այսինքն՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, կերակրողին կորցրած, մինչև 18 տարեկաններ և կենսաթոշակառուներ, բայց ընտանքը դառնա հրատապ աջակցության շահառու՝ այդ դեպքում օրինակ հինգ հոգանոց ընտանիքը 250 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամի աջակցություն կստանա: Իսկ եթե խոցելի խմբի մեջ չեն, ապա ապրիլից ոչ մի բան չեն ստանալու»,-Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը:
Tert.am -ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը նշել էր, որ ծրագրերն իրականացվում են կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ: Սա կարճաժամկետ ծրագիրն էր:
«Երկարաժամկետը բնակապահովման ծրագիրն է, որն այս պահին էլ գործում է, որին մեր հայրենակիցները դիմում են և սերտիֆիկատ են ստանում։ Նախարարությունը զուգահեռ իրականացնում է նաև բնակապահովման պետական աջակցության ծրագիրը»,- ասել էր Մանուչարյանը:
Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանի խոսքով՝ հենց կառավարության անդամներն էին ժամանակին ասում, որ աջակցության ծրագիրը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև արցախցի մեր հայրենակիցները ապահովված լինեին բնակարանով: Սակայն բնակապահովման ծրագիրը, մեկնարկելով նախորդ տարվա մայիսին, վատ ցուցանիշներ է գրանցել, իսկ դրան որպես հակակշիռ այլ ծրագիր չկա: Նրա խոսքով՝ այս ամբողջ ընթացքում այն հանրային աղմուկը, որը բարձրացվել էր, որ ծրագիրը պետք է լիներ շարունակական, հիմա նոր ծրագրով փորձում են ներկայացնել որպես այլընտրանք, որը շատերի համար, իհարկե, անընդունելի է: Նրա կարծիքով՝ սոցիալական աջակցության ծրագիրը կառավարությունը պետք է պահպանի բոլոր տեղահանվածների համար, քանի որ նրանք հիմնականում վարձակալած բնակարաններում են ապրում և ունեն սոցիալական աջակցության լուրջ խնդիր:
Պետրոսյանի խոսքով՝ բնակապահովման ծրագիրն ու այս ծրագիրը՝ իրար հակասող երկու ծրագիր են:
«Մենք տեսնում ենք, որ անգամ հազար դիմում չկա այդ ծրագրի համար, եթե կշեռքի մի նժարին դնում ենք բնակարանի սերտիֆիկատը, մյուսին՝ բնակվարձը, բալանս չի լինում, որովհետև մարդիկ չեն օգտվելու այդ ծրագրից»,- նշեց նա:










