Հյուսիսային Մակեդոնիայի գիշերային ակումբներից մեկում հրավառության հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ (տեսանյութեր)

14:45 • 16.03.25

Տասնյակ մարդիկ են զոհվել Հյուսիսային Մակեդոնիայում լույս մարտի 16-ի գիշերը դիսկոտեկում կայացած համերգի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով։ Երկրի ներքին գործերի նախարար Պանչե Տոշկովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ առնվազն 51 մարդ զոհվել է, ավելի քան 100-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, հայտնում է dw.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է DNA հանրահայտ հիփ-հոփ խմբի համերգի ժամանակ պիրոտեխնիկայի կիրառման հետևանքով. կայծերից բռնկվել է դյուրավառ նյութից պատրաստված առաստաղը, որից հետո կրակն արագ տարածվել է դիսկոտեկով՝ այն լցնելով թանձր ծխով։

Այս գործով մի քանի մարդ է բերման ենթարկվել, դատախազությունը հետաքննում է միջադեպը։

Տեղական MIA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Մակեդոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Կոչանի քաղաքի Pulse գիշերային ակումբում համերգին ներկա է եղել շուրջ 1,500 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Միջոցառումը սկսվել է կեսգիշերին մոտ, և հրդեհը բռնկվել է, ըստ ՆԳ նախարարի, մոտավորապես 2:35-ին։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: