Դուրովը հաստատել է իր վերադարձը Դուբայ

15:04 • 17.03.25

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հաստատել է, որ դատարանի թույլտվությամբ Դուբայ է վերադարձել Ֆրանսիայից: 

«Դատական գործընթացը շարունակվում է, բայց տանը լինելը հիանալի է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատավորներին, որ թույլ տվեցին դա տեղի ունենալ, ինչպես նաև իմ փաստաբաններին»,-թելեգրամյան իր ալիքում գրել է Դուրովը:

Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական ​​հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։

Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 2024 թվականի օգոստոսին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել մի քանի օր կալանքը, ապա ազատ է արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց և շաբաթը երկու անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ: Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։