COMM. TALK. Հայկական PR ասոցիացիան 19-ամյա գործունեությունը նշեց նոր քննարկում-հանդիպման ձևաչափով (տեսանյութ, լուսանկարներ)

18:03 • 28.03.25

Հայկական PR ասոցիացիան իր հիմնադրման 19-րդ տարեդարձի օրը մեկնարկեց Comm Talk քննարկում-հանդիպումը,  որը հաղորդակցության ոլորտի մասնագետների համար նոր հարթակ է: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Հայակական  PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:

Ոլորտի առաջատար ու հեղինակավոր մասնագետները հնարավորություն ունեցան փոխանցելու իրենց լավագույն փորձը, արձանագրելու խնդիրներն ու առաջարկելու լուծումներ: Ուղերձներից հետո տեղի ունեցած պանելային քննարկումների ընթացքում բացահայտվեցին յուրաքանչյուր ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, նոր գաղափարների առաջխաղացման հնարավորություններն ու թիրախային լսարանին հասնելու, ազդելու և գրավելու առանձնահատկությունները: Աստղիկ Ավետիսյանը կարևորելով պրոֆեսիոնալ հաղորդակցության հարթակի ստեղծումն ասում է՝ իրենց կազմակերպած հանդիպման նպատակն է համախմբել գիտակ ու փորձառու մասնագետներին և  համատեղ մշակել լուծումներ. «Հասարակության հետ գրագետ շփումը, հետադարձ կապի ապահովումը,  իրազեկումն ու կրթումը միայն կարող են նպաստել անընդհատ զարգացմանը»:

Քննարկում-հանդիպմանը ներկա էին մեդիա-հաղորդակցության ոլորտում հայտնի դեմքեր, կազմակերպությունների ղեկավարներ, PR ասոցիացիայի անդամներ:  Քննարկման սկզբում գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլը հեռավար ուղերձով ներկայացրեց աշխարհում և Գերմանիայում առկա իրավիճակը՝  նշելով նման քննարկումների հրատապ անհրաժեշտությունը: Comm Talk -ի քննարկման առանցքային թեմաներն էին ՝ հաղորդակցության զարգացման միտումները Հայաստանում և աշխարհում, ռիսկերի կառավարումն և ճգնաժամային հաղորդակցությունը, հեղինակություն և բրենդի կառավարումը, թվային հաղորդակցությունը,  որի շրջանակներում պանելային քննարկմանը բանախոսներն անդրադարձան իրենց ոլորտում  առկա խնդիրներին:

Անդրադառնալով արհեստական բանականության միջոցով տեղեկատվություն ստանալու, մեդիայում առկա մարտահրավերների և որակյալ մեդիա ունենալու մասին՝  Արամ Անտինյանն ասաց, որ  արհեստական բանականությունը  չի արտացոլում, թե ինչն է իրականությունը, ու եթե նախկինում  հարցն այն էր, թե ինչն է մարդկանց հետաքրքրում, հիմա հարցն այն է,՝ թե ինչն է  իրեն երկար պահում էկրանների առաջ, որից էլ փոխվեց մեդիայի էությունը. «Մյուս մարտահրավերն այն է, որ ֆինանսական ստրուկտուրան է ամբողջությամբ փոխվել, որը հիմնական մարտահրավերներից է իրականում, որովհետև նախկինում մարդիկ առնում էին թերթը, կայքում՝ գովազդ, որովհետև մարդկանցղ աչքերը գնացել են սոցիալական մեդիաներ, սոցմեդիաների թրենդը բարձրացել է, մասմեդիաներն իջել են»- եզրափակեց Անտինյանը: