Գերմանիայում հիվանդներին տուգանում են մինչև 100 եվրոյով՝ բժշկի մոտ այց հերթագրելու, հետո չներկայանալու համար
Գերմանիայում գնալով ավելի շատ են քննարկում այն հիվանդների խնդիրը, որոնք պայմանավորվում են բժշկի հետ, այց հերթագրում, բայց հետո առանց նախապես զգուշացնելու չեն ներկայանում։ Այս վարքագիծը դժգոհություն է առաջացնում բժիշկների և այլ հիվանդների մոտ, որոնք ստիպված են լինում երկար ժամանակ սպասել ծանրաբեռնված մասնագետների մոտ այցի գնալու համար։ Որոշ կլինիկաներ արդեն սկսել են այց հերթագրելու, բայց չներկայանալու համար տուգանքներ գանձել՝ մինչև 100 եվրոյի չափով:
Բժիշկների գերմանական ասոցիացիայի նախագահ, դոկտոր Ուվե Կրաֆֆելի խոսքով, ամենից հաճախ այցերին չեն ներկայանում «ոչ ճշտապահ և շատ ազատ ժամանակ ունեցող մարդիկ»:
«Նրանք հաճախ մշտական աշխատանք չունեցող մարդիկ են: Նրանք պարզապես մոռանում են, կամ ասում. «Ես արթնացա կեսօրին և հիշեցի, որ ժամը 11-ին պայմանավորված էի»», - ասել է նա BILD-ին:
Իրավիճակը սրվում է նրանով, որ Գերմանիայում առողջապահական համակարգն արդեն իսկ գործում է իր հնարավորությունների սահմանին։ Ապահովագրական բժիշկների ասոցիացիայի տվյալներով՝ այցերի մինչև 20%-ը չեղարկվում են առանց նախազգուշացման։ Դրա հետևանքով գոյանում են երկար հերթեր է և լեփ-լեցուն սպասասրահներ։
Փորձագետները միանգամայն արդարացի են համարում տուգանքների ներդրումը։










