Տուբերկուլյոզով հիվանդներն ԱՆ նոր չափորոշիչով կբուժվեն տանը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար. Անուշ Պողոսյան

14:03 • 02.04.25

Ինձ մոտ տասնյակներով բողոքներ կան, որ Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցներին կրճատում են, ՊՎԾ-ն էլ խախտումների հետ կապված այնտեղ մոնիթորինգ է անում: Լուրջ խնդիր կա այդ հիմնարկի հետ կապված: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Առողջության իրավունք» ԻՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:

«Առողջապահության նախարարությունը փոփոխության է ենթարկում չափորոշիչը, համաձայն որի ակտիվ տուբերկուլյոզով բուժառուները, որոնք համարվում են վարակի փոխանցողներ օդակաթիլային ճանապարհով, պետք է բուժվեն տանը, այլ ոչ թե հիվանդանոցում։ Սա նշանակում է, որ այդ բուժառուները վարակելու են մյուսներին, որի արդյունքում տուբերկուլյոզը դառնալու է անկառավարելի և խլելու է բազմաթիվ կյանքեր։ Ի դեպ, արդեն ունենք երեխաների մահվան դեպքեր տուբերկուլյոզից։ Դրան ավելացնենք, որ բազմաթիվ Հնդկաստանի քաղաքացիներ Հայաստան են գալիս արդեն տուբերկուլյոզով և առանց սանիտարական գրքույկի աշխատում սպասարկման ոլորտներում, ապա պատկերը դառնում է ամբողջական»-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով, սկզբում  ենթադրվում էր, որ պետք է մանկական բաժանմունքը միացնեին հոգեբուժական բաժանմունքին, բայց քանի որ շատ երկար ժամանակ քննադատության արժանացավ դա, հիմա փորձում են առաջին փուլում աշխատակիցների ուղիղ հիսուն տոկոս հաստիքների  կրճատում կատարեն. «Այսինքն 160 մահճակալանոց դիսպանսերը դառնալու է 80 մահճակալանոց, ինչը տրամաբանորեն իր հետևից բերելու է 50 տոկոս աշխատակիցների կրճատման, որի արդյունքում այդ աշխատակիցների ճակատագիրը դառնալու է անհասկանալի, քանի որ այդ աշխատակիցները տարբեր միջազգային հատուկ կրթական ծրագրերով են վերապատրաստվել՝ տուբերկուլյոզով հիվանդի հետ աշխատելու համար, քանի որ դա միայն հիվանդություն չէ, դա ունի նաև  սոցիալական կոմպոնենտ, այսինքն ամեն սովորական բժիշկ կամ բուժքույր չի կարող բուժում իրականացնել»,- նշեց Պողոսյանը:  

Պողոսյանի խոսով՝ ակտիվ տուբերկուլյոզը վարակիչ է, այսինքն տուբերկուլյոզային բացիլները դրական են բուժառուների  մոտ, ինչը ենթադրում է, որ շրջապատի համար նրանք դառնում են վտանգավոր, որը ևս անթուլատրելի է ֆիզիոլոգիական առումով:

«Ստացվում է, որ մահճակալների բեռնաթափման համար փոխում են տուբերկուլյոզի բուժման չափորորշիչը, ըստ իմ ներքին տեղեկությունների՝ նախարարությունում ծանր քննարկումներ են ընթանում: Դա նախարարի անհատական հրամանն է», -նշում է Պողոսյանը:

Քանի որ Թոքաբանության ազգային կենտրոնն Առողջապահության նախարարության ենթակայության  տակ է, Tert.am-ը հարցում է ուղարկել Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի Հնդկաստանի և այլ երկրների քաղաքացիներ են բուժվել Թոքաբանության ազգային կենտրոնում և քանիսն են մահացել տուբերկուլյոզից, որտե՞ղ են բուժվելու, օրինակ, զորակոչիկները  և ինչու են կրճատվում կետրոնի աշխատակիցները: