World’s Top Speakers in Armenia-ի շրջանակում Հայաստանում էր հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին (տեսանյութ, լուսանկարներ)
«Skill» ընկերության կողմից իրականացվող «World՛s Top Speakers in Armenia»-ի շրջանակում Հայաստանում էր հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին:
Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում հոգեբանը խոսել է աշխատանքում և անձնական կյանքում աճի, առավելագույնին հասնելու և երջանիկ լինելու գաղտնիքներից:

«Միխայիլ Լաբկովսկուն հրավիրելու առաջարկը Բալթիկ թրեվլ ընկերության հիմնադրինն էր: Ես գիտեմ, որ իրենք Միխայիլ Լաբկովսկու հետ ունեն ջերմ հարաբերություններ: Հաշվի առնելով մեր փորձը` «Skill» ընկերությունն ընտրվել է որպես իվենթ գործընկեր: Ինչպես գիտեք, մենք 2010թ.-ից կազմակերպել ենք խոշոր միջոցառումներ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:
Հայաստանում առաջին անգամ ելույթ ունեցող Միխայիլ Լաբկովսկին հայ լսարանին ներկայացրեց ինքնաիրացման և երջանկության հիմնարար սկզբունքները։ Շեշտեց՝ իրական հաջողությունն ու անձնական առաջընթացը կախված են սեփական ցանկությունների ճանաչումից, հստակ սահմանների գծումից և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից։ Լաբկովսկու խոսքով՝ շատ մարդիկ պայքարում են անհանգստության և դժգոհության դեմ, քանի որ ապրում են այլոց ակնկալիքներով՝ փոխարենն ուշադրություն չդարձնելով իրենց իսկ իրական կարիքներին։ Հոգեբանի խոսքով՝ կարևոր է, որ մարդն իր զգացմունքներում լինի անկախ:
«Եթե հասարակությունը, ինչպես ասում են, ավանդապաշտ է, կինը տնային տնտեսուհի է և ապավինում է ամուսնուն, ապա նրա սթրեսը կամ այն, ինչպես է նա արձագանքում աշխարհին, կախված է ամուսնուց: Իսկ եթե նա ինքնուրույն է և իր խնդիրները հենց ինքն է լուծում, ապա նրա համար ավելի հեշտ կլինի: Իմ հորդորը կանանց դա է»,-մեզ հետ զրույցում ասաց Լաբկովսկին:

Հայ հանդիսատեսը Լաբկովսկու հետ հանդիմանը լավ էր պատրաստվել. ապացույցը հարցերի տեղատարափն էր. հայկական մենթալիտետից մինչև պատերազմական իրավիճակ.
«Միջոցառումներից հետո արձագանքները շատ դրական են, քանի որ դա առիթ է միմյանց հետ շփվելու, իրար տեսնելու, լսելու էն մարդկանց, որոնց դու կարող ես լսել համացանցով, բայց իրենք գալիս են Հայաստան ու լավ առիթ է գալ, շփվել, ու մարդիկ էլ մեծ հաճույքով գալիս են մեր միջոցառումներին»,-ասաց Skill ընկերության տնօրեն Նելլի Մարաբյանը:
Skill ընկերությունը «World’s Top Speakers in Armenia -ի շրջանակում շարունակելու է Հայաստան հրավիրել հայտնի խոսնակների ու մենթորների: Առաջիկայում հայ հանդիսատեսը առիթ կունենա Հայաստանում լսելու ու տեսնելու Ռիչարդ Մոսլիին, Եվգենի Կոտովին, Ռադիսլավ Գանդապասին և շատ այլ անվանի խոսնակների:

























