Հռոմի Պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ (տեսանյութ)
Հռոմի Պապը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո այսօր առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Նա անվասայլակով եկել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ՝ հիվանդների համար հոբելյանական պատարագի շրջանակներում։
88-ամյա պոնտիֆիկոսը նախքան իր օրհնությունը անցել է հավաքվածների միջով, իսկ հետո արքեպիսկոպոս Ռինո Ֆիզիկելան հանդես է եկել վերջին օրհնությամբ։
Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոսի գրած տեքստը կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո, որտեղ նա աղոթում է «բժիշկների, բուժքույրերի և բուժաշխատողների համար, որոնց միշտ չէ, որ օգնում են աշխատել պատշաճ պայմաններում և երբեմն նրանք նույնիսկ ագրեսիայի զոհ են դառնում»:
Հռոմի պապն անդրադարձել է նաև աշխարհի հակամարտություններին, ինչպես դա անում էր նախորդ ելույթներում։
Ֆրանցիսկոս պապը հանրությանը չէր երևացել մարտի 23-ից ի վեր, երբ նա հակիրճ ողջունեց և օրհնեց Հռոմի Ջեմելի հիվանդանոցի պատշգամբից՝ երկկողմանի թոքաբորբից ավելի քան հինգ շաբաթ բուժվելուց հետո:
Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով, ապա նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել էին նաև երիկամային անբավարարության նշաններ: Նա հիվանդանոցից դուրս էր գրվել մարտի 23-ին։
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի տելեգրամյան ալիքում։










