CAREER CITY FEST 2k25. կարիերային և գործատուի բրենդին նվիրված ամենամյա տոնը կանցկացվի ապրիլի 25-ին և 26-ին (տեսանյութ)

13:13 • 08.04.25

Career City Fest լավագույն գործատուների փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 25-ին և 26-ին «Բրենդի ուժը․ արժեքներ, թիմ, արտադրանք» խորագրի ներքո։ Միջազգային հեղինակավոր Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր փառատոնը վերադառնում է արդեն չորրորդ անգամ՝ ավելի մասշտաբային, ազդեցիկ և նորարարական ձևաչափով։ 

«Փառատոնը փորձի փոխանակման եզակի հարթակ է բոլոր այն ընկերությունների և մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են աշխատաշուկայի ապագայով»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց CAREER CITY FEST 2K25-ի տնօրեն Աննա Մանֆրեդին:

Փառատոնի կազմակերպիչը Skill Event Marketing ընկերությունն է:  Երկու օր շարունակ 100-ից ավելի առաջատար գործատուներ կներկայացնեն իրենց բրենդը, արժեքներն ու թիմային մշակույթը և  40-ից ավելի ազդեցիկ բանախոսներ ելույթ կունենան գործատուի բրենդի, կարիերայի և մասնագիտական զարգացման վերաբերյալ ամենաարդիական թեմաներով։ EVP SHOW Փառատոնի վերջին ակորդը․ բացառիկ շոու, որտեղ ամենահամարձակ ընկերությունները բեմից ներկայացնում են իրենց գործատուի առաջարկը (Employee Value Proposition)։ Կան նաև նորություններ, որոնք կանցկացվեն առաջին անգամ:

CCF AWARDS. տարվա երկրորդ նորույթն է:  Այս տարի մասնակցելով փառատոնին՝ այցելուները կկարողանան քվեարկել իրենց ամենաշատը տպավորած ընկերությունների օգտին և որոշել, թե որ ընկերությունները կստանան մրցանակներ տարբեր անվանակարգերում՝ այդպիսով դառնալով նաև արժեքավոր նվերների խաղարկության մասնակից։ 2K25-ի բովանդակությունն այսքանով չի ավարտվում։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն նաև մի շարք թեմատիկ միջոցառումներ։
World’s Top Speakers in Armenia, որի շրջանակում ելույթ կունենա գործատուի բրենդինգի ոլորտում առաջատար միջազգային փորձագետ Ռիչարդ Մոսլին՝ «Մարդկանցից դեպի եկամուտ․ Ինչպես է գործատուի բրենդը նպաստում բիզնեսի աճին» թեմայով։

Newmag Fair CCF edition․ փառատոնի ընթացքում կանցկացվի նաև «Նյումեգ» հրատարակչության սիրված գրքերի ֆորումը, որի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան զեղչով ձեռք բերել գրքեր և մասնակցել պանելային քննարկման։

Ռուբեն Եսայանի նոր գրքի շնորհանդես․ փառատոնը կհյուրընկալի նաև  Ռուբեն Եսայանի սարսափ-թրիլլեր ժանրի գրքերի սիրահարներին՝ «Թունելից 13կմ հեռավորության վրա․ Մարդասպանը ես եմ» գրքի շնորհանդեսին։  2023 թվականից անցկացվող փառատոնն արդեն հասցրել է սիրվել և իր շուրջը համախմբել ավելի քան 15,000 այցելուի և 150-ից ավելի ընկերությունների ու բանախոսների։

Փառատոնի ամբողջական օրակարգն արդեն հասանելի է քըրիրեր սիթի ֆեսթ կետ էյ էմ կայքում, որտեղ պետք է գրանցվել՝ ծանոթանալու բանախոսներին, ելույթներին ու ժամերին: Փառատոնը կանցկացվի ապրիլի 25 և 26 -ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում: Մուտքն ազատ է: