Միայն գեղեցիկ բրենդավորում ու ձևական բարյացակամություն․ վերջնականապես հրաժարվել եմ բանկի հաճախորդը լինելուց․ քաղաքացիները դժգոհում են Evocabank-ից

10:35 • 11.04.25

Քաղաքացի Իրինա Կարապետյանը ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ու դժգոհել Evocabank-ի աշխատանքից։ Կարապետյանը գրել է, որ ապրիլի 2-ին վարկի առաջարկ ստանալու նպատակով օնլայն հայտ է ներկայացրել Evocabank, սպասել է ծանուցման, բայց չի ստացել։ Մի քանի օր անց քաղաքացին պատահաբար նկատել է, որ հայտը մերժվել է․

«Բանկերի hարգելի  կառավարիչներ, ձեր միջին օղակի աշխատակիցների աշխատավարձերը վերանայեք, որ սկսեն աշխատել։ Ներդրումներ արեք օղակների միջև կոմունիկացիան բարելավելու համար․․միայն գեղեցիկ բրենդավորումն ու ձևական բարյացակամությունն էլ չեն գործում։

Այս անգամ խոսքը Evocabank-ի մասին է։

Ուրեմն արդեն մեկ շաբաթ է սպասում եմ, որ իմ հայտի վերաբերյալ կոնկրետ պատասխան տրվի․ էլ զանգերի կենտրոն, էլ մեյլ, էլ ծանոթ․․ոչինչ չի աշխատում։

Հարցը հետևյալն է․

Ապրիլի 2-ին վարկի առաջարկ ստանալու նպատակով օնլայն հայտ եմ ներկայացրել, սպասել եմ ծանուցման, որը չեմ ստացել։ Մի քանի օրից պատահական նկատել եմ , որ հայտը մերժվել է։

Ու այստեղից կինոն սկսվել է։

Մեյլով պատասխանում են անգիր արած բառերով, որ եթե 72 ժամում որոշում չեմ կայացնում, հայտը մերժվում է։

Հարգելիներս, ինչու եք by default համարում, որ հաճախորդը տխմար է ու այս գործընթացը սկսելուց առաջ չի փորձել հասկանալ ընթացքը։

Մինչև օրս սպասում եմ, որ ինձ ցույց տան, թե երբ է եկել ծանուցումը, որը ես չեմ ստացել»։

Մեկ այլ օգտատեր՝ Ծովինար Հայրապետյանն Իրինա Կարապետյանի գրառման տակ մեկնաբանություն է թողել․

«Էվոկայի պատճառով կորցրածս գումարի պատմությունը հիշեցի, երբ 3 ամիս բոլոր զանգերիս, այցերիս ու դիմումներիս 0 պատասխան տվեցին, մինչև որ 3 ամիս անց ընդհանուր սրահում ձայնս բարձրացավ ու հայտարարեցի, որ բարձրանում եմ կառավարչի մոտ։ 20 րոպե անց գումարը հետ նստեց քարտիս։

Ու ես վերջնականապես հրաժարվեցի էվոկայի հաճախորդ լինելուց»։