ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական լուծումի հասնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել. Axios
Կատարցի միջնորդների՝ այս շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դիվանագիտական լուծումի հասնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ, և բանակցությունները փակուղի են մտել։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանք ընդգծում են, որ էական առաջընթացի բացակայությունը կարող է հանգեցնել նրան, որ երկու կողմերն էլ որոշեն վերսկսել ռազմական գործողությունները։ Պորտալը, հետևելով ամերիկյան այլ լրատվամիջոցների, ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաման տալ գործողության վերսկսման մասին՝ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։
Axios-ի աղբյուրներն ընդգծում են, որ Կատարի պաշտոնյաները կշարունակեն դիվանագիտական կարգավորման փորձերը, սակայն հիասթափված են երկու կողմերի գործողություններից։ Սեպտեմբերի 28-ին նրանք քննարկել են Իրանի նկատմամբ շրջափակումը վերացնելու և Թեհրանի կողմից միջուկային ոլորտում զիջումների գնալու մասին Կատարի փոխզիջումային առաջարկը։ Հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Սակայն խորհրդակցությունների ժամանակ նշանակալից առաջընթաց չի նկատվել, հայտնել է պորտալի աղբյուրը։
«Բանակցությունները փակուղի են մտել։ Իրանն առաջ է քաշում պահանջներ, որոնք ԱՄՆ-ն չի կարող ընդունել, իսկ ԱՄՆ-ն գտնում է, որ իրենք հաղթում են, ուստի փոխզիջման գնալու անհրաժեշտություն չկա», - ասել է նա։










