Հունվարի 1-ից թшղման նպաստ կստանան միայն նպաստառուները, թոշակը կավելանա 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ. նախարարության պաշտոնյա

11:59 • 02.10.26

Հունվարի 1-ից թաղման նպաստ կստանան միայն նպաստառուները, թոշակը կավելանա 1,000 դրամով՝ դառնալով 47,000 դրամ: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

«Շրջանառվում է նախագծերի փաթեթ, որովհետև թաղման նպաստին առնչվող մի քանի հարաբերություններ և օրենքներ կան, որոնք կարգավորում են թաղման նպաստին առնչվող հարաբերությունները, բայց առանցքային փաթեթում պետական նպաստների մասին օրենքի նախագիծն է, որով վերանայվում է թաղման նպաստի համակարգը։ Բնականաբար առաջինը վերանայվում է շահառուների շրջանակը, ցանկացած նպաստ ունի շահառուների շրջանակ, դիմելու կարգ, վճարման կարգ և ժամկետներ։ Այս հարցերին անդրադարձ է կատարվում արդեն նոր համակարգում, և այդ հարցերից առանցքայինը շահառուների խմբի շրջանակի նեղացումն է։ Այսօրվա գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, ով կազմակերպում է կենսաթոշակառուի՝ անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։

Նոր կարգավորումներով նախատեսվում է, որպեսզի թաղման նպաստ տրամադրվի միայն անապահովության համակարգում անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձի։ Դրանից հետո արդեն նախատեսում ենք, որ նպաստը կնշանակվի, կվճարվի, եթե անձը մահացել է և հուղարկավորվել է Հայաստանի Հանրապետությունում, դա հնարավորություն կտա առցանց դիմումներով իրացնել թաղման նպաստի իրավունքը, կփորձենք բացառել թղթային դիմումը: Այսօր մենք շաբաթը 2 անգամ ձևավորում ենք թաղման նպաստի վճարման ցուցակները, այսինքն առնվազն դիմելուց հետո 2 օրվա ընթացքում կարողանում ենք վճարել թաղման նպաստ։

Թաղման նպաստի չափի փոփոխություն չի նախատեսվում, 200,000 դրամ է, 200,000 դրամ կլինի նաև նոր համակարգի շրջանակներում, նախագծերով նախատեսվում է, որ նոր համակարգը գործելու է 2027 թվականի հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ եթե անձը՝ կենսաթոշակառուն, անապահովության համակարգի հաշվառված և անապահովության նպաստ ստացող ընտանիքի անդամը մահացել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը՝ այսինքն ընթացիկ տարում, ապա թաղման նպաստին առնչվող հարաբերությունները կկարգավորվեն այսօրվա գործող իրավական ակտերով»,- նշել է Գալստյանը: