Բռնnւթյան դերակատարները երբեք չպետք է փառաբանվեն. հայ խաղաղ բնակիչների կյանքն ունի առաջնային նշանակություն. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում
Բռնության դերակատարները երբեք չպետք է փառաբանվեն. հայ խաղաղ բնակիչների կյանքն ունի առաջնային նշանակություն: Այս մասին ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ:
«Ուղիղ 24 ժամ առաջ սարսափելի իրադարձություն Է տեղի ունեցել Հայաստանում՝ մի երկրում, որն արել է բոլոր հնարավոր քայլերը վերջին տարիներին՝ իր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Ադրբեջանցի զինծառայողը հրազենով հատել է Հայաստանի սահմանը, մտել բնակելի տուն և գնդակահարել մորը հենց երեք երեխաների աչքի առաջ։ Սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ հայ խաղաղ բնակիչները ուղղակիորեն ենթարկվում են հարձակման հարևան երկրի զինծառայողների կողմից։
Միջազգային դատարաններն ու մարմինները, որոնք պետք է գործեին Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումների պատասխանատուների դեմ, բացարձակապես ոչինչ չարեցին։
Մեկ այլ նման վատ օրինակ. այստեղից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա՝ Հունգարիայում, ադրբեջանցի զինծառայողը ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ կացնով սպանել է քնած հայ զինվորին, բայց նա արտահանձնվել է Ադրբեջանին։ Մարդասպանը ադրբեջանական բանտում անգամ մեկ օր չի անցկացրել։ Փոխարենը Ադրբեջանի նախագահը դիմավորել է նրան, հերոսի կոչում տվել և թույլ տվել ազատորեն շրջել Բաքվի փողոցներով։
Նրան հետ ուղարկելով՝ նոր անդամ պետությունը պատահաբար կանաչ լույս է վառել այս վտանգավոր վարքագծի համար։ Դրա պատճառով մենք տեսնում ենք, որ նույն բանը կրկնվել է նաև երեկ։
Ադրբեջանցի զինվորները մտնում են Հայաստան, հարձակվում խաղաղ քաղաքացիների վրա, և երբ նրանք արտահանձնվում են Ադրբեջանին, նրանց ընդունում են որպես հերոսներ։ Այս վտանգավոր ցիկլի ժամանակ եվրոպական համայնքը չի կարող մնալ պարզապես հանդիսատեսի դերում։
Բռնության դերակատարները երբեք չպետք է փառաբանվեն։ Հայ խաղաղ բնակիչների կյանքն ունի առաջնային նշանակություն։ Ո՛չ արտահանձնմանը, եթե չկա երաշխավորված արդարություն, այո՛՝ միջազգային արդարությանը»,- ասել է Կարապետյանը:










