Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան

10:26 • 09.10.26

Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության հաստատման գործում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա նշել է, որ 2024 թվականին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու երկրների միջև պետական ​​սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։

Փաշինյանի խոսքով՝ Կանոնակարգը անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ իրավականորեն պարտադիր փաստաթուղթն է։

«Փաստաթղթում ամրագրված է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացում որպես հիմնարար սկզբունք առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հանդիսանում է ԱՊՀ հիմնարար փաստաթղթերից մեկը, կարևոր տեղ է զբաղեցնում նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագրի տեքստում։

Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակվում է Համաձայնագրի նախաբանում։

Ալմա-Աթայի հռչակագիրը առանցքային դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Փաշինյան