Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ
Պրոֆեսիոնալ գողերը իտալական Marchesi Antinori ընկերությունից հափշտակել են 30,000 շիշ էլիտար գինի։ Վնասը գնահատվում է 5 միլիոն եվրո։ Կորտոնայում գտնվող պահեստի վրա հարձակումը տեղի է ունեցել արտահանման խոշոր խմբաքանակի առաքումից առաջ, հայտնում է Financial Times-ը։
Նորագույն պատմության մեջ ալկոհոլային խմիչքի այդ խոշորագույն կողոպուտներից մեկը կատարվել է Տոսկանայի մարզում գտնվող պահեստից։
Ֆլորենցիայում տեղակայված ընկերության հաղորդագրության համաձայն՝ անցած հանգստյան օրերին Կորտոնա քաղաքում չարագործները պահեստ են ներխուժել հենց այն պահին, երբ գինեգործարանը, որի արտադրանքն արտահանվում է 170 երկիր, պատրաստվում էր ամենաթանկաժեք գինիների խոշոր խմբաքանակի առաքմանն արտասահմանյան հաճախորդներին։
Հոկտեմբերի 4-ի գիշերը դիմակավորված յոթ տղամարդ անջատել է ազդանշանային համակարգը և երկու մեծ բեռնատարով դուրս բերել հազարավոր արկղեր տոսկանական Tignanello, Solaia-ն և Guado al Tasso կարմիր գինիներ։ Գողացված շշերի մանրածախ գինը տատանվում է մեկ հատի համար 150-500 եվրոյի սահմաններում։
Կորուստը հայտնաբերել են միայն հոկտեմբերի 5-ի առավոտյան, երբ աշխատակիցները եկել են աշխատանքի և տեսել, որ գինին չկա։ Գինեգործարանն ունի կողոպուտի պահի ծավալուն տեսագրություններ, որոնք կատարվել են տեսահսկման խցիկներով։ Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, սակայն առայժմ ձերբակալություններ չկան:










