ԲԿՄԱ-ն հաղթել է «Ակրոնին»․ Հովհաննիսյանն ու Բանդիկյանը մասնակցել են հանդիպմանը
Ավարտվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ Տոլյատիի «Ակրոնի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի միջև հանդիպումը։ Սամարայի «Սոլիդարնոստ Սամարա Արենա» մարզադաշտում կայացած խաղում մոսկովյան թիմը հաղթել է 1։0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը 67-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Իվան Օբլյակովը։
«Ակրոնի» կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ է դուրս եկել Կառլեն Հովհաննիսյանը, իսկ ԲԿՄԱ-ի կազմում՝ Արտյոմ Բանդիկյանը։ Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ մասնակցել են ամբողջ հանդիպմանը։
Վեց տուրից հետո D խմբի մրցաշարային աղյուսակում ԲԿՄԱ-ն 11 միավորով երկրորդ տեղում է։ «Ակրոնը» 7 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Առաջատարը «Ռոստովն» է, որը հինգ խաղում վաստակել է 12 միավոր։ Վերջին՝ չորրորդ տեղում «Լոկոմոտիվն» է՝ հինգ խաղից հետո 3 միավորով։
Ռուսաստանի գավաթի գործող գավաթակիրը Մոսկվայի «Սպարտակն» է։














