Երբ որոշում կայացվի, ես 80 տարեկան կլինեմ. Մոուրինյուն՝ «Մանչեսթեր Սիթիի» կողմից Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու գործընթացի մասին

22:50 • 08.10.26

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իրեն բնորոշ սուր հումորով ու հեգնանքով է անդրադարձել «Մանչեսթեր Սիթիի» կողմից Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնները խախտելու աղմկահարույց գործընթացին:

«Ես կնախընտրեի պարզապես ծիծաղել այս ամենի վրա։ Կարծում եմ՝ մենք ինչ-որ հանգուցալուծման կհասնենք, բայց քանի որ ես արդեն 60-ն անց եմ, ինձ մեծ հաջողություն կպահանջվի, որպեսզի ողջ մնամ մինչև վերջնական դատավճիռը։ Քանի որ նախ կկայացվի որոշումը, իսկ հետո կսկսվի բողոքարկման գործընթացը… Այդ ժամանակ ես արդեն 80 տարեկան կլինեմ»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղավոր է ճանաչել 2009-ից 2018 թվականների ընթացքում ֆինանսական կանոնների լուրջ խախտումների մեջ: Մեղադրանքները վերաբերում են ֆինանսական ոչ հավաստի տեղեկատվության տրամադրմանը, ֆուտբոլիստներին ու մարզիչներին կատարված վճարումների քողարկմանը, ինչպես նաև ֆինանսական վերահսկողության պահանջների չպահպանմանը:

«Քաղաքաբնակներին» սպառնում են ամենախիստ պատժամիջոցները՝ միավորների զրկումից ու նախկին տիտղոսների չեղարկումից մինչև Պրեմիեր լիգայից հեռացում: Հատկանշական է, որ եթե «Մանչեսթեր Սիթիին» հետին թվով զրկեն չեմպիոնական տիտղոսներից, ապա Ժոզե Մոուրինյուն կարող է իր մարզչական ակտիվում գրանցել ԱՊԼ-ի ևս մեկ չեմպիոնություն. 2017/18 մրցաշրջանում նրա գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Սիթիին»:

Աղբյուրը`ArmSport.am