Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան

11:14 • 15.10.26

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան կողմերը կհասցնեն նոր բանագնացներ նշանակել։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՄԱՆ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր բանագնացի նշանակման վերաբերյալ հարցին։

Միրզոյանն ընդգծել է, որ հայ-թուրքական կարգավորման վերջնական նպատակը հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանի լիարժեք բացումն է։

«Անկեղծ ասած՝ հարցն այն է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա, որովհետև կարող է պատահել՝ սահմանի բացումը տեղի ունենա ավելի շուտ, քան նոր բանագնացների թեկնածությունների համաձայնեցումը։ Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն այնքան է հասունացել, որ ցանկացած օր հնարավոր է հասնել վերջնական և ամբողջական կարգավորման։ Հայաստանն ու Թուրքիան, գրեթե, ամենօրյա շփումների մեջ են, իսկ բանակցություններն ընթանում են շարունակաբար»,- նշել է նա։

«Բանակցությունները, որպես կանոն, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն և արդյունք չկա, ամբողջությամբ չեն ներկայացվում հանրությանը։ Հայաստան–Թուրքիա բանակցությունները ևս բացառություն չեն»,- նշել է Միրզոյանը։

«Հիմա անհրաժեշտություն է առաջացել շարունակել, և կլինի Հայաստան–Թուրքիա գործարար համաժողով, գուցե ավելի ընդլայնված, քան նախորդը, արդեն Հայաստանում։ Հուսով եմ՝ այս անգամ ևս փակ սահմանը կբացվի, և դրանով կանցնեն հայ գործարարները։ Հայ–թուրքական կարգավորման գործընթացում, թեև արդեն կան որոշակի պայմանավորվածություններ և գործնական արդյունքներ, ամբողջական կարգավորումը դեռևս ավարտված չէ»,- նշել է նա։

Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել ավելի շուտ, քան նոր բանագնաց կնշանակվի․ Միրզոյան