«Տհաճ եթեր» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան գարնանը

14:59 • 16.01.09

«Ամանօրյա եթերում տեղական հեռուստաալիքներով ցուցադրված հաղորդումները դարձան մեր համբերության վերջին կաթիլը»,– այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Տհաճ եթեր» նախաձեռնության համակարգող Նարեկ Մալյանը՝ մեկնաբանելով միջոցառման անցկացման ժամկետները։

Նրա խոսքերով՝ նմանատիպ արարողության անցկացման գաղափարը ծագել է «Փորձագետների միություն» կազմակերպության անդամների մտքում՝ մեկ տարի առաջ։

«Մենք որոշել ենք նման մրցանակաբաշխություն անցկացնել, քանի որ Հայաստանում սովոր չեն գնահատել բացասական գործունեությունը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի հեռուստացույց դիտելը մեր երեխաների համար անվտանգ լինի»,– ավելացրել է նա։

Խոսելով ստեղծված իրավիճակի մեղավորների մասին՝ համակարգողը մատնանշել է հենց հասարակությանը։

«Չարժե վերին շրջանակներում մեղավորներ փնտրել, մեղավորները մեր մեջ են։ Մենք մեկ անգամ չէ, որ կուլ ենք տվել ցածրորակ հեռուստաարտադրանքը»,– ասել է Մալյանը։

Համակարգողը նաև ավելացրել է, որ «հաղթողներին» ընտրելու են մտավորականության ներկայացուցիչները, ովքեր արդեն ստորագրել են ամեն տարի մրցանակաբաշխություն անցկացնելու վերաբերյալ փաստաթղթի տակ։

Այսպիսով, Մալյանի խոսքերով, հասարակական կազմակերպության հայտարարության տակ ստորագրել է ավելի քան 50 մտավորական։

«Հաղթողներին ընտրելու է հասարակությունը, հենց նրա ձայնն է որոշիչ լինելու», նշել է նա։

Համակարգողը նաև համառոտ կերպով ներկայացրել է «հաղթողներին» ընտրելու եղանակները։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում կազմակերպության մասնագետները կանցկացնեն հեռուստաեթերի մոնիթորինգ, իսկ հետո 50 դրվագների ձայնագրությունները կբաժանվեն հայտարարության տակ ստորագրած մարդկանց։

Խոսելով մրցանակաբաշխության անցկացման մասին՝ Մալյանը նշել է, որ այն անցկացվելու է արևմտյան լավագույն մրցանակաբաշխությունների ավանդույթների համաձայն։ Մրցանակաբաշխության, որի վերջնական արդյունքները կհրապարակվեն գարնանը, 5 անվանակարգերում «հաղթողները» կստանան հատուկ մրցանակներ։

Մալյանը նաև ավելացրել է, որ մրցանակաբաշխությունից հետո որոշ հեռուստաալիքների նկատմամբ, որոնք չեն փոխի իրենց քաղաքականությունը, հասարակական ճնշում կգործադրվի։

Կազմակերպությունը պատժամիջոցների մի քանի տարբերակ է քննարկում։ Առաջին. մրցանակաբաշխության արդյունքները ներկայացվելու են խոշոր գովազդատուներին, երկրորդ՝ հեռուստաալիքներին հայտարարվելու է հասարակական բոյկոտ։