Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Ռոտերդամում

10:45 • 21.01.09

Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկայանա ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: 89-րոպեանոց այս ժապավենը պոետիկ դրամա է, որն արտացոլում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Սահմանամերձ մի գյուղում հայտնաբերած իրական պատմության հիման վրա ռեժիսորը ուրվագծել է 2 հարևան երկրների միջև եղած բարդ և դեռ չլուծված խնդիրը:

«Սահման» ֆիլմում Հարություն Խաչատրյանը նորից հանդես է եկել իրեն հոգեհարազատ շեշտադրումներով՝ անդրադառնալով Հայաստանի գեղեցիկ բնությանն ու հայերի ապրելակերպին: Ֆիլմի պրոդյուսերը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն է, ֆիլմում հնչում է Ավետ Տերտերյանի երաժշտությունը: