Մեկնարկում է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնը մեկնարկում է այսօր Մայքլ Իմպերիոլիի «Սոված ուրվականները» ֆիլմի համաշխարհային պրեմիերայով: 38-րդ անգամ նիդերլանդական այս քաղաքն իր շուրջը կհավաքի անկախ, նորարար ու փորձարարական կինոյի հազարավոր երկրպագուների, կինոյի բազմազգ հեղինակների և վերջապես մի շարք նոր ֆիլմեր, որոնք այլընտրանք են հոլիվուդյան համատարած մեյնստրիմի դեմ:
Ռոտերդամի փառատոնն այս տարի փոխել է ծրագրի ձևաչափը. առանձնացվել են 3 հիմնական ծրագրեր՝ գլխավոր և կարճ ֆիլմերի, ինչպես նաև փառատոնում ներառված այլ կինոծրագրերի, ներկայացումների հատուկ բաժին: Այս նորամուծությունը նպատակ ունի առավելագույն կերպով հարմարվել կինոարվեստում կատարվող փոփոխություններին:
Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնը հիմնականում ծրագրում կմատուցի 14 ֆիլմ, որոնցիցի 8-ը՝ համաշխարհային պրեմիերա, ինչպես նաև 27 կարճ ֆիլմեր՝ մինչև 60 րոպե տևողությամբ: Փառատոնին այս տարի առաջին անգամ են մասնակցում Թուրքիան, Ինդոնեզիան և Նոր Զելանդիան: Կինոյի տոնը Ռոտերդամում կշարունակվի մինչև փետրվարի մեկը:
Նշենք, որ 2007թ. ստորագրված հայտարարագրի համաձայն՝ Ռոտերդամի և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնները դարձել են քույր փառատոններ:










