Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է
Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաներն ավարտած տաղանդավոր կոզմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանն այսօր կդառնար 88 տարեկան: Ծնվել է Երևանում, կրթություն ստացել հայրենիքում, ապա նաև Մոսկվայում, որտեղ հաստատվել է 1956թ-ից: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը՝ «Պիոներական մարշը», գրել է դեռ 9 տարեկանում: Ավելի վաղ, երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, առիթ է ունեցել հանդիպել Արամ Խաչատրյանի հետ, ով ստուգելով երեխաներին, հենց իրեն է առանձնացրել ու խորհուրդ տվել զբաղվել երաժշտությամբ:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն:
2008թ. «Առնո Բաբաջանյան» հիշատակի հիմնադրամի և Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Ծաղկաձորում մեկնարկեց «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային մրցույթը, որն իր ամբողջական տեսքով կկայանա այս տարվա ընթացքում:










