«Հայաստանի ճարտարապետության 21-րդ դարը»համաժողովի նիստ՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունում
Հունվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանի ճարտարապետության 21-րդ դարը» համաժողովի կազմկոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցում էր նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս մասին հաղորդում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստի ընթացքում քննարկվեցին համաժողովի ձևաչափը և միջոցառումների ցանկը, ինչպես նաև կազմակերպական այլ խնդիրներ։
Որոշվեց համաժողովի կարգախոսը. «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը»։
ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն առաջարկեց համաժողովի ընթացքում քննարկման նյութ դարձնել հայ ճարտարապետության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման և փորձի փոխանակման, ճարտարապետական կրթության, ինչպես նաև համահայկական ճարտարապետական ժառանգության պահպանման հիմնախնդիրները։
Համաժողովը բաղկացած կլինի երեք մասից` զեկուցումներ, քննարկումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև անցկացնել դասախոսություններ։ Ծրագրվեց կազմակերպել 3 ցուցահանդես, որտեղ ընդգրկված կլինեն Հայաստանի եւ սփյուռքի ճարտարապետնրի աշխատանքներ, ուսանողների, ինչպես նաեւ Ս. Կարապետյանի հավաքածուների ցուցադրությունը։
Ներկայացվեցին համաժողովի խորհրդանշանի մի քանի էսքիզներ, որոնք ուղղարկվեցին վերամշակման։
Նշվեց, որ Սփյուռքի հայ ճարտարապետների տվյալները հավաքման և ճշգրտման ընթացքում են։ Այս հարցով նախարաությունը դիմել է սփյուռքի մամուլի և ՀՀ Հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակման օժանդակությանը։
Սփյուռքի նախարարություն արդեն ստացվում են առաջին արձագանքները Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում ապրող հայ ճարտարապետներից։ Կազմկոմիտեն քննարկեց նաեւ ծրագրի նախագիծը և կազմակերպական այլ խնդիրներ։ Համաժողովը նախատեսվում է անցկացնել ս/թ ապրիլի 21-22-ը։










