2009-ը՝ Հայաստանում Բուլղարիայի տարի
2009թ. հայտարարված է Հայաստանում Բուլղարիայի տարի, ինչի շրջանակներում նախատեսվում են բազմազան մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, կինոցուցադրումներ, հանդիպումներ, որոնք հնարավորին չափ մանրամասն կներկայացնեն բուլղարական մշակույթը հայ հանդիսատեսին:
Փոխադարձաբար 2010 թվականին բուլղարացիները կծանոթանան հայկական մշակույթին՝ մասնակցելով Բուլղարիայում Հայաստանի տարվա միջոցառումներին:
Հայաստանում Բուլղարիայի տարին նախապատրաստելու համար դեռ նախորդ տարվա հուլիսին Հայաստան էր ժամանել Բուլղարիայի մշակույթի նախարար Յավոր Միլուշևը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Սոֆիայում ստորագրել է «2009 թվականին` Հայաստանում Բուլղարական մշակույթի տարի և 2010 թվականին` Բուլղարիայում Հայկական մշակույթի տարի կազմակերպելու և անցկացնելու մասին» արձանագրությունը, ինչով գործնականում սկիզբ է դրվել երկկողմ համագործակցութանը:










