Կանցկացվի «2008-X» թատերական փառատոնը

09:16 • 26.01.09

Այս տարի երկրորդ անգամ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի գխավորությամբ, նախաձեռնել է «X» թատերական փառատոնը, որը ներկայացնում է բացառապես փառատոնին նախորդող տարվա ընթացքում բեմադրված հայկական ներկայացումներ: Դա է պատճառը, որ «X»-ին ավելանում է տարեթիվ: Այս տարի փառատոնը կկոչվի «2008-X» և կմեկնարկի փետրվարի 16-ից:

Ի տարբերության «2007-X»-ի, այս տարի կտրուկ աճել է փառատոնին մասնակցող թատրոնների թիվը՝ 7-ից հասնելով 16-ի, նաև ընդլայնվել է աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի, ներառելով նաև Գյումրիի և Վանաձորի մեկական թատրոն, որոնց ներկայացրած բեմադրությունները փառատոնին կմասնակցեն հենց հայրենի քաղաքում նախատեսված ցուցադրությամբ:

Թատերական «X» փառատոնի ներկայացումներից անմիջապես հետո ծավալվում է քննարկում, որոնց մեծամասամբ մասնակցում են մասնագետներ՝ թատերագետներ, ռեժիսորներ, դերասաններ, լրագրողներ և այլք: Այս կերպ փորձ է արվում մերօրյա թատրոնն ու թատերագիտությունը կապել միմյանց հետ: Փառատոնը մրցանակաբաշխությամբ ներկայացումներ չի առանձնացնում, պատվոգրերի ու նվերների են արժանանում մասնակից բոլոր ներկայացումների հեղինակները: