Նիդերլանդներում կայացել է Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմի համաշխարհային պրեմիերան

17:44 • 27.01.09

Հունվարի 24-ին Ռոտտերդամի Միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Սիներամա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր, փառատոնի «Պրինց Կլաուսի հիմնադրամ» ժյուրիի անդամ Հարություն Խաչատրյանի «Սահման» փաստավավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ հեղինակը, որը ներկայացրեց ֆիլմի ստեղծման աշխատանքները եւ ստեղծագործական կոլեկտիվին։ Նա շնորհակալություն հայտնեց հոլանդական կողմին ֆիլմի նկարահանման ֆինանսական աջակցության համար՝ նշելով, որ հոլանդական և հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնների միջև ստորագրված է համագործակցության hայտարարագիր։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը, ֆիլմի ցուցադրումից հետո հեղինակը պատասխանեց հանդիսատեսների մի քանի հարցերի, որից հետո տեղի ունեցավ ընդունելություն, որին մասնակցում էին ֆիմի ստեղծագործական կոլեկտիվը, կինոփառատոնի, «Պրինց Կլաուսի հիմնադրամի» և հոլանդահայ համայնքների ներկայացուցիչներ։ Ֆիլմի պրեմիերայից մեկ օր առաջ այն ցուցադրվել էր հոլանդական ԶԼՄ ներկայացուցիչների համար և արժանացել նրանց դրական գնահատականին։