Ռոտերդամի փառատոնը բաժանեց «վագրերը»
Հոլանդական Ռոտերդամ քաղաքում ավարտվեց կինոյի տոնը, որը 38-րդ անգամ իր վրա էր կենտրոնացրել աշխարհի տարբեր անկյունների կինոխցիկները: Փառատոնային 10 օրերի ընթացքում էկրան բարձրացան անկախ ու նորարար կինեմատոգրաֆի նոր ժապավեններ, որոնցից փառատոնի ժյուրին «վագրերով» առանձնացրեց այս տարվա լավագույններին:
Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթում պայքարող 14 ֆիլմերից լավագույնը ճանաչված 3-ը, որոնք նաև արժանացան ավանդական 15 հազար եվրո դրամական մրցանակին, ամենևին եվրոպական աշխարհագրություն չունեն: «Սխալ աղոթքներ» / “Wrong rosary” է կոչվում թուրք ռեժիսոր Մահմուտ Ֆազիլ Կոսկունի հեղինակած դրաման, որն այս տարի Ռոտերդամի լավագույններից մեկն է: Նույնպիսի գնահատականի են արժանացել իրանցի ռեժիսոր Ռամտին Լավաֆիփուրի «Հանգստացի՛ր և հաշվի՛ր մինչև 7-ը» / “Be calm and count to seven” ֆիլմը, ինչպես նաև հարավկորեացի ռեժիսոր Յան Իկ-Ջունի հեղինակած «Անշունչը» / “Breathless” ժապավենը։
Ասիական կինոն ներկայացնող մեկ այլ ֆիլմ՝ ինդոնեզացի ռեժիսոր Էդվինի «Կույր խոզը, որ ուզում է թռչել» / “Blind pig who wants to fly” աշխատանքը արժանացել է Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի՝ «Ֆիպրեսիի» ժյուրիի մրցանակին:
Ռոտերդամի փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում ներկայացված 27 ժապավեններից նույնպես առանձնացվել են 3 լավագույնները՝ ռուս ռեժիսորական զույգ Գալինա Միզնիկովայի և Սերգեյ Պրովոռովի «Անհանգստություն» / “Dispair” աշխատանքը, բրիտանացի Բեատրիս Գիբսոնի «Անհրաժեշտ երաժշտություն»-ը / “A necessary music”, և մեկ այլ բրիտանացու՝ Դանկան Քեմփբելի «Բեռնադետտա» / “Bernadette” ֆիլմը:
Իսկ բրիտանացի Դեննի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը, որն արդեն հասցրել է «Ոսկե գլոբուս» ստանալ ու նաև առաջադրվել Օսկարի 10 անվանակարգերում, Ռոտերդամում լավագույնն է ճանաչվել հանդիսատեսի քվերակության արդյունքներով:
Հիշեցնենք, որ Ռոտերդամի կինոփառատոնի ընթացքում կայացավ Հարություն Խաչատրյանի «Սահմանը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:










