Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը կցուցադրվի Պոմպիդու կենտրոնում

09:58 • 05.02.09

Ռոտերդամի 38-րդ միջազգային կինոփառատոնում պրեմիերա տոնած և եվրոպացի հանդիսատեսի հավանությանն արժանացած «Սահման» ֆիլմը կշարունակի ճանապարհորդել: Առաջիկայում այն կներկայանա տարբեր փառատոների՝ այդ թվում և Պոմպիդու կենտրոնում: Վերջինիս ներկայացուցիչները Հարություն Խաչատրյանին առաջարկել են «Սահման»-ը ցուցադրել որպես Պոմպիդու կենտրոնի ամենամյա կինոփառատոնի բացման ֆիլմ:

Արվեստների մայրաքաղաք Փարիզում գործող Ժորժ Պոմպիդու մշակութային կենտրոնը ժամանակակից արվեստի ամենահայտնի հաստատություններից մեկն է աշխարհում, հիմնվել է 1977թ. և ամեն տարի ընդունում է շուրջ 6 միլիոն այցելու:

Փառատոնի համար որպես բացման ֆիլմ ամեն տարի ընտրվում է կինոարվեստում կարևոր ներդրում ունեցած ռեժիսորի ֆիլմ, որով էլ պայմանավորվում է փառատոնի գեղագիտությունը: