Նինո Անանիաշվիլու «ճապոնական երազները» Երևանում

07:52 • 06.03.09

Վրացական ժամանակակից բալետում խտացած ճապոնական մշակույթը երևանյան հանդիսատեսին ներկայացավ որպես հարևան ժողովրդի ստեղծագործական զարգացումների վառ վկայություն: Մեկ գործողությամբ բալետային ներկայացման մեջ ամփոփվել էին ճապոնական բանաստեղծության քնարական վերացականությունը, իկեբանա ճապոնական ծաղկարվեստը հիշեցնող բազմագույն խճանկարը, արևելյան երաժշտության ազդեցիկ պարզությունը` համեմված վրացի պարողների տեխնիկական վարպետությամբ ու նուրբ հումորով:

«Երազներ Ճապոնիայի մասին» ներկայացումը բեմադրվել է ռուս պարուսույց Ալեքսեյ Ռատմանսկու կողմից ճապոնացի 3 հեղինակների` Լ.Էտոյի, Մ.Յամագուչի և Ռ.Տոշայի երաժշտության հիման վրա: Բալետի ստեղծման գաղափարը պատկանում է Թբիլիսիի Զ. Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ պարուհի Նինո Անանիաշվիլուն, ով էլ կերտել է գլխավոր կերպարներից մեկը: Ներկայացման պրեմիերան կայացել է դեռ 1997թ-ին մոսկովյան Մեծ թատրոնում, որտեղ աշխատում էր Անանիաշվիլին: Իսկ 2004թ-ից, երբ ստեղծագործական գործունեությունը հայրենիքում ծավալելու հրավերով Անինիաշվիլին վերադարձավ հայրենի Թբիլիսի, «Երազներ Ճապոնիայի մասին» բալետը բեմ է դուրս գալիս բացառապես վրացի պարողների կատարմամբ:

«Ճապոնական երազները», որոնք ծնվել են Կաբուկի թատրոնի 4 բանաստեղծական պիեսներից, բալետային շարժումների լեզվով արտահայտվում են ճապոնական հարվածային գործիքների «Կոդո» նվագախմբի ստեղծագործությունների ներքո, որոնք Երևանում կատարեց Մարկ Պիկարսկու գլխավորած հարվածային գործիքների
նվագախումբը:

Երկարատև հոտնկայս ծափերով ու բրավոներով երևանյան հանդիսատեսն ընդունեց վրացական սեզոններով Հայաստան ժամանած «ճապոնական» երազները: