Մեկ րոպեանոց ֆիլմերը կհավաքվեն 7-րդ փառատոնում
ՆՓԱԿ-ի (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) նախաձեռնած և իրականացրած «Մեկ կադր, մեկ րոպե» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի 7-րդ անգամ` մայիսի 17-ից 24-ը: Նորից փառատոնում կընդգրկվեն մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք նկարահանվել են մեկ կադրում: Մասնակիցների համար տարիքային, սեռային, ազգային, իսկ ֆիլմի համար` ժանրային որևէ սահմանափակում չկա:
Փառատոնի ծրագրում կա նաև կարճ` մինչև 40 րոպեանոց ֆիլմերի առանձին ծրագիր, ինչպես նաև «Կինո առանց սահմանների» մրցույթ: Փառատոնի ավարտին մեկ րոպեանոց լավագույն ֆիլմը կարժանանա Գրան պրի մրցանակին, հատուկ մրցանակ կհանձնի փառատոնի նախագահը, կընտրվի լավագույն կարճ ֆիլմը, մասնակիցներն իրենք կառանձնացնեն «Հեղինակների ձայն» մրցանակակրին, առանձին մրցանակ կշնորհվի լրագրողների ընտրության արդյունքում, կլինեն նաև այլ հատուկ մրցանակներ:
«Մեկ կադր, մեկ րոպե» 7-րդ փառատոնի համար հայտեր ընդունվում են մինչև ապրիլի 20-ը:










