Համերգով Երևանում է Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանում Վրաստանի մշակույթի սեզոնների շրջանակներում այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգա Վրաստանի սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վախթանգ Կախիձեի գլխավորությամբ: Համերգային ծրագրում կհնչի Մոցարտ, Ռավել և Կախիձե:
Վախտանգ Կախիձեն բացատրեց, որ բալետի և օպերայի նման իրենք պետության առանձին, հատուկ հովանավորություն չունեն, սակայն չեն դժգոհում աշխատանքային պայմաններից: Նրա խոսքերով՝ Վրաստանում դասական երաժշտությամբ հետաքրքրվող բավական մեծ երիտասարդ զանգված կա, որը հատուկ երաժշտական կրթության արդյունքում է ձևավորվել:
Վախտանգ Կախիձեն անձամբ հաճախ է եղել Հայաստանում, ժամանակին հասցրել է անգամ հանգստանալ Դիլիջանում, իսկ վերջին անգամ մեզ մոտ հյուրընկալվել է մոտ 10 տարի առաջ: Նա պատմեց, որ իր հայրը` Ջանսուղ Կախիձեն, ում անունով կոչվում է Թբիլիսիի երաժշտական-մշակութային կենտրոնը, մոտ հարաբերություններ է ունեցել Ավետ Տերտերյանի հետ: Գուցե, դա է պատճառը, որ իրենց նվագախմբի երգացանկում կատարում են Տերտերյանի 3-րդ և 5-րդ սիմֆոնիաները:
Հայաստանից բացի, վրացական մշակութային սեզոններ այս տարի անցկացվում են նաև եվրոպական մի շարք երկրներում: Վախտանգ Կախիձեն պատմեց, որ յուրաքանչյուր երկրի համար կոնկրետ ծրագիր է կազմում իրենց մշակույթի նախարարությունը:










