«Կարմիր խնձորը» թաղեցին՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների
Մարտի 8-ը նշելու՝ տարիներ ի վեր ընդունված ավանդույթը երեկ Երևանի փողոցներում խախտեցին մի խումբ կանայք և տղամարդիկ, ովքեր յուրատեսակ երթ էին կազմակերպել։ Հայաստանում գործող «Կանանց ռեսուրսային կենտրոնը» և «Ուտոպիանա» ընկերակցությունը որոշել էին կազմակերպել հայկական ավանադույթներից մեկի՝ «կարմիր խնձորի» թաղումը։ Բացի այդ, նրանք երթով շրջեցին Երևանի փողոցներում՝ փորձելով մարդկանց հիշեցնել, որ մարտի 8-ն իրականում ոչ թե «ծաղիկ նվիրելու», այլ կանանց իրավունքների պաշտպանության օր է։
Մինչև 50 հոգանոց խումբը թռուցիկներ էր բաժանում, որոնք հիմնականում ուղղված էին կանանց։ Վերջիններիս կոչ էին անում հասարակությունում պայքարել սեփական իրավունքների համար։
«Զուր ես հաճախ զինաթափ լինում ու հանձնվում՝ կարծելով, թե չունես ոչ մի ուժ», «Կանայք ոչ թե ծաղիկների կարիք ունեն մարտի 8-ին, այլ հավասար իրավունքների, հնարավորությունների և բռնությունից զերծ կյանքի»՝ նմանատիպ տեքստերով թռուցիկները երբեմն զարմացնում էին, երբեմն էլ մտածմունքների մեջ գցում անցնող–դարձողներին։
Անսովոր երթի ճանապարհին մեկ անգամ էլ կանգնեցին ոստիկանները, ովքեր նույնպես բավական զարմացած էին։ Կանանց ռեսուրսային կենտրոնի հիմնադիր Լառա Ահարոնյանը նրանց բացատրեց երթի իմաստը և խաղաղ նպատակները, որից հետո էլ մասնակիցները շարունակեցին ճանապարհը։ «Կարմիր խնձորի» ավանդույթը խորհրդանշող իրական կարմիր խնձորը թաղեցին երկու կազմակերպությունների բակում։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց երթի մասնակից, արվեստի քննադատ Եվա Խաչատրյանը, այս գործողությունն ուղղված էր բոլոր այն ավանդույթների վերացմանը, որոնք ոտնահարում են կանանց իրավունքները և ազատությունները։ Ըստ Եվա Խաչատրյանի՝ այս ավանդույթը պատահական չէ ընտրվել՝ այն առավել վառ է արտացոլում կանանց իրավունքները խախտող ավանդույթները։










