Երևանում հնչեց ֆանտազիա` վրացական բարբառներով

10:21 • 10.03.09

Սիմֆոնիկ նվագախումբ, մենակատատար ջութակահար, բեմի ետնամասում համեստացած մեկ այլ մենակատար` սինթեզատորի առջև, և կենտրոնում հաստատված դիրիժոր-երգիչ` հնչող ստեղծագործության հեղինակը. Հայաստանում առաջին անգամ հնչեց Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վախտանգ Կախիձեի հեղինակած ֆանտազիան, որ կոչվում է «Բլից» և հիմնված է վրացական բարբառներով տեքստային հատվածների վրա: Ստեղծագործության վոկալ մասն իրականացնում են հայր և դուստր Կախիձեները, վերջինս նաև մենակատար է` սինթեզատորի առջև:

«Բլից» ֆանտազիան Վախտանգ Կախիձեն գրել է աշխարհահռչակ ջութակահար Գիդոն Կրեմերի պատվերով` վերջինիս «Happy birthday» ալբոմում ներառելու համար: Ստեղծագործությունը հնչել է ոչ միայն Գիդոն Կրեմերի ու նրա «Կրեմերատա Բալտիկա» նվագախմբի կատարմամբ, այլ նաև այլ կատարողների կողմից տարբեր բեմերում, բայց ոչ Թբիլիսիում, որտեղ պերմիերան կկայանա միայն այս ամսվա ավարտին: