Կնոջ իրավունքների մասին կանանց միամսյակում
Հայաստանում մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը նշվող կանանց միամսյակի ընթացքում այս տարի առավել մեծ շեշտադրում կա կանանց իրավուքների վրա: Կանանց ռեսուրսային կենտրոն և Ուտոպիանա կազմակերպությունների ջանքերով միամսյակի ընթացքում իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք մեծամասամբ նպատակ ունեն վերհանել Հայաստանում բնակվող կանանց խնդիրներն ու սկսել քննարկել դրանք:
Ինչպես մենք արդեն նշել ենք, մարտի 8-ին միջոցառումների շարքը մեկնարկեց “Թաղենք կարմիր խնձորը” ակցիայով, որի ընթացքում մասնակիցները փորձեցին իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել կնոջ իրավուքնները ոտնահարող ավանդույթի նկատմամբ:
Ավելի վաղ տիկնիկային թատրոնում բացվել էր “Հայ կինը երեկ, այսօր և վաղը” խորագրով լուսանկարչական ցուցահանդես և ցուցադրվել էր “Գտնելով Զաբել Յեսայանին” վավերագրական ֆիլմը:
Առաջիկայում`մինչ ապրիլի 7-ը, նախատեսված են միասեռական կանանց մասին ֆիլմի ցուցադրություն և քննարկում, Կոմիտասի անվան պանթեոնում կին գրողների շիրմաքարերի մաքրում և նրանց ստեղծագործությունների ընթերցանություն, մեկ այլ ցուցահանդեսի բացում` “Ամեն ինչ և հիմա” խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանում հղիության արհեստական ընդհատման թեմայով:










