Չարենցի 112-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ են նախատեսված
Մարտի 13-ին լրանում է Ե. Չարենցի ծննդյան 112-ամյակը, ինչի առթիվ մի շարք միջոցառումների նախաձեռնությամբ են հանդես եկել Գրողների միությունը և Չարենցի տուն-թանգարանը: Մասնավորապես, մարտի 13-ին Սայաթ-Նովա փողոցի վերջնամասում գտնվող Չարենցի հուշարձանի մոտ կկայանա նրա պոեզիային նվիրված ավանդական հանդիպում, Բաղրամյան պողոտայում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի հուշաքարը, ում շնորհիվ փրկվել ու մեզ են հասել Չարենցի մի շարք արժեքավոր ստեղծագործություններ:
Ավելի ուշ միջոցառումներ կկայանան նաև Չարենցի տուն-թանգարանում. կբացվի գրողի ստեղծագործությունների ձևավորումներն ամփոփող ցուցահանդես, ինչպես նաև կկայանա դասական երաժշտության համերգ:
Եղիշե Չարենցը (Սողոմոնյան) ծնվել է 1897թ-ին Կարսում և մահացել է 40 տարեկան հասակում Երևանի բանտի հիվանդանոցում:










