«Հովերը» պատրաստում են նոր բեմադրություն
«Հովեր» կամերային երգչախմբի մասնակցությամբ բեմադրության պրեմիերան կկայանա Երևանում մայիսի 12-ին։ Այդ մասին Tert.am-ին տեղեկացրել է երգչամբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը։
«Դա յուրօրինակ փորձ է։ Մենք ունեցել ենք նման փորձ դեռևս հինգ տարի առաջ։ Այդ ժամանակ մենք բեմադրություն էինք կազմակերպել Այգեկցու առակների հիման վրա»,- նշել է նա։ Ըստ Հովհաննիսյանի՝ երգչախմբային բեմադրությունը կհամակցի մի քանի գրական հերոսների։ «Այդ հերոսները ժամանակից և տարածությունից դուրս են, նրանց շարքում են՝ Ոդիսևսը, Փոքր արքայազնը և Կապույտ թռչունը։ Այդ հերոսները կհավաքվեն մեկ երաժշտական տարածությունում»,- հավելել է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը։
Երաժշտության հեղինակն է Աննա Ազարյանը, իսկ որպես տեքստեր օգտագործվելու են այն ստեղծագործությունների բնօրինակները, որտեղից վերցվել են հերոսները։
Հավելենք, որ երգչախմբի բեմադրությունը պատրաստվում է Հայաստանի մշակույթի նախարարության պատվերով։










