Արցախի մասին ֆիլմը արժանացել է հեղինակավոր մրցանակի
Հարավային Կալիֆորնիայի ռադիո- և հեռուստանորությունների ասոցիացիան (Radio& Television News Association of Southern California, www.rtna.org) «Ոսկե խոսափող» (Golden Mike Awards) մրցանակ է շնորհել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ. Պայքար ազատության համար» վավերագրական ֆիլմին:
Մրցանակը հանձնվել է ֆիլմի համահեղինակ եւ համապրոդյուսեր Փիթեր Մուսուրլյանին «Յունիվերսալ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Ֆիլմի մյուս համահեղինակն ու պրոդյուսերն է ԱՄՆ-ում ԼՂՀ նախկին մշտական ներկայացուցիչ, այժմ ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վարդան Բարսեղյանը: Ֆիլմի հիմնական տեսանյութերը տրամադրել է ղարաբաղցի հեռուստալրագրող, «Ծիր Կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանը:
2008թ-ի սեպտեմբերին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում (Վաշինգտոն), «ԼՂՀ/Արցախ. Ազատության, ժողովրդավարության և առաջընթացի 20 տարիներ» միջոցառման շրջանակներում` ԱՄՆ կոնգրեսականների, դիվանագետների, հայտնի իրավապաշտպանների, փորձագետների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ոսկե խոսափող»-ը, որը հիմնադրվել է ասոցիացիայի կողմից 59 տարի առաջ, հեռուստա- և ռադիոլրագրության բնագավառի ամենահեղինակավոր մրցանակներից է: Այս տարվա մրցանակակիրների թվում է CNN-ի հայտնի լրագրող Լարրի Քինգը:










